Ինչ չի կարելի խնդրել Աստծուց, և ինչո՞ւ պետք է զգույշ լինել սեփական ցանկությունների հետ։ Կան բաներ, որոնք աղոթելիս խնդրում ենք գրեթե առանց մտածելու․ «Թող ամեն ինչ լավ լինի», «Թող նա վերադառնա», «Թող վերջապես բախտս բերի», «Թող այլևս երբեք չտառապեմ»։
Բայց աղոթքը պարզապես ցանկությունների ցուցակ չէ, որտեղ բավական է ճիշտ բառեր ընտրել, և ամեն ինչ կկատարվի։
Երբեմն մարդն Աստծուց խնդրում է մի բան, որը համարում է իր փրկությունը՝ չգիտակցելով, որ հենց դա կարող է հետագայում դժբախտության պատճառ դառնալ։ Մենք տեսնում ենք միայն այն, ինչ կատարվում է այսօր, և մտածում ենք մեր ցավի ու խնդիրների մասին։ Իսկ հավատքի տեսանկյունից՝ Աստված տեսնում է նաև այն, ինչ մեզ դեռ հայտնի չէ։
Ահա թե ինչու կան խնդրանքներ, որոնց մասին արժե լավ մտածել՝ նախքան դրանք Աստծուն ուղղելը։
1. Մի՛ խնդրեք, որ ինչ-որ մեկը վերադառնա ձեզ մոտ՝ ինչ գնով էլ լինի
Երբ հարաբերություններն ավարտվում են, հաճախ առաջին բանը, որ ուզում ենք խնդրել Աստծուց, շատ պարզ է․ «Տե՛ր Աստված, այնպես արա, որ նա վերադառնա»։ Հատկապես, երբ զգացմունքները դեռ չեն մարել։
Սակայն երբեմն մենք կարոտում ենք ոչ այնքան այդ մարդուն, որքան այն, ինչ զգում էինք նրա կողքին։ Կարոտում ենք ապահովության զգացումը, մտերմությունը, սովորական դարձած կյանքն ու միասին ապագա կառուցելու հույսը։
Պատահում է նաև, որ ցանկանում ենք վերադարձնել մեկին, ով մեզ ցավ է պատճառել, պարզապես այն պատճառով, որ վախենում ենք անորոշությունից։ Ծանոթ ցավը երբեմն ավելի տանելի է թվում, քան անհայտ ապագան։
ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ ԿԼԻՆԻ ԱՅՍՊԵՍ ԱՂՈԹԵԼԸ
«Տե՛ր Աստված, եթե այս մարդն իսկապես պետք է լինի իմ կյանքում, օգնիր մեզ կրկին գտնել միմյանց։ Իսկ եթե ոչ, ուժ տուր ինձ ընդունելու դա և բաց թողնելու այն, ինչն արդեն ավարտվել է»։
Նման աղոթքի համար շատ ավելի մեծ ներքին հասունություն է պետք։ Չէ՞ որ իսկական հավատքը չի նշանակում փորձել ամեն գնով ստանալ այն, ինչ ուզում ես։ Հավատալ նշանակում է նաև վստահել Աստծուն, նույնիսկ երբ Նրա պատասխանը բոլորովին այն չէ, ինչին սպասում էիր։
2. Մի՛ խնդրեք Աստծուն պատժել ձեզ ցավ պատճառած մարդուն
Սա միանգամայն մարդկային ցանկություն է։ Երբ մեզ դավաճանում են, նվաստացնում կամ անարդարացիորեն են վարվում մեզ հետ, բնական է, որ ուզում ենք՝ մեղավորն էլ նույն ցավը զգա։
Երբեմն նույնիսկ ասում ենք․ «Ես նրան վատ բան չեմ ցանկանում։ Պարզապես ուզում եմ, որ Աստված ցույց տա, թե ինչի միջով եմ անցել»։
Բայց նման խոսքերի հետևում հաճախ թաքնված է պատժի ցանկությունը։ Եվ այստեղ մի կարևոր խնդիր կա․ քանի դեռ սպասում ենք, թե երբ է այդ մարդը ստանալու իր արժանի պատիժը, շարունակում ենք մտովի կապված մնալ նրա հետ։ Նա դեռ տեղ է զբաղեցնում մեր կյանքում, նույնիսկ եթե վաղուց հեռացել է։
Ներել չի նշանակում արդարացնել վատ արարքը կամ հրաժարվել արդարության հասնելուց։ Ներել նշանակում է այլևս թույլ չտալ, որ վիրավորանքն ու ցավը կառավարեն քո կյանքը։
«ՊԱՏԺԻ՛Ր ՆՐԱՆ» ԱՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
«Տե՛ր Աստված, թող արդարությունը վերականգնվի այնպես, ինչպես Դու ես ճիշտ համարում։ Իսկ ինձ օգնիր ազատվել այս ցավից»։
Սա արդեն վրեժխնդրության ցանկություն չէ։ Սա սեփական հոգեկան խաղաղությունը վերադարձնելու խնդրանք է։
3. Մի՛ խնդրեք հեշտ կյանք․ խնդրեք ուժ՝ դժվարությունները հաղթահարելու համար
«Տե՛ր Աստված, այնպես արա, որ իմ կյանքում այլևս երբեք խնդիրներ չլինեն»։ Ո՞վ չի ցանկանա նման բան։ Բայց առանց դժվարությունների կյանք չի լինում։ Ավելին՝ երբ ամեն գնով փորձում ենք խուսափել խնդիրներից, երբեմն դրանով միայն թուլացնում ենք ինքներս մեզ։
Կյանքում կան բաներ, որոնց հասնելու համար ստիպված ենք լինում անցնել անորոշության, կորուստների ու սխալների միջով։ Երբեմն պետք է նաև լուրջ աշխատանք տանենք ինքներս մեզ վրա։
Այդ պատճառով շատ ավելի օգտակար է խնդրել ոչ թե կյանք՝ առանց դժվարությունների, այլ ուժ և կարողություն՝ դրանք հաղթահարելու համար։ Այնպես, որ նույնիսկ ամենածանր պահերին չկորցնենք ինքներս մեզ։
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
«Տե՛ր Աստված, իմաստություն տուր ինձ հասկանալու, թե ինչ կարող եմ փոխել, համբերություն՝ ընդունելու այն, ինչ փոխել չեմ կարող, և ուժ՝ դժվարությունների առաջ չկոտրվելու»։
Նման աղոթքից հետո գուցե խնդիրներն անմիջապես չվերանան։ Փոխարենը կարող է փոխվել դրանց հանդեպ մեր վերաբերմունքը։ Մենք կարող ենք դառնալ ավելի համբերատար, ավելի ուժեղ ու ավելի պատրաստ՝ դիմակայելու փորձություններին։
Եվ երբեմն հենց դա էլ լինում է մեր աղոթքի պատասխանը։
4. Մի՛ խնդրեք այն, ինչ պատկանում է ուրիշին
Խոսքը միայն փողի կամ նյութական ունեցվածքի մասին չէ։ Երբեմն ցանկանում ենք ուրիշի պաշտոնը, հաջողությունը, սիրելի մարդուն կամ նույնիսկ ամբողջ կյանքը։
Նայում ենք մեկ ուրիշին ու մտածում․ «Ինչո՞ւ նա ունի այդ ամենը, իսկ ես՝ ոչ»։ Սակայն նախանձը երբեմն կարող է թաքնվել նույնիսկ աղոթքի հետևում։
Ոչ մի վատ բան չկա Աստծուց բարեկեցություն, սեր, հաջողություն կամ նոր հնարավորություններ խնդրելու մեջ։ Բոլորովին այլ բան է, երբ ցանկանում ենք ստանալ այն, ինչ պատկանում է ուրիշին, միայն այն պատճառով, որ համոզված ենք՝ մենք դրան ավելի շատ ենք արժանի։
Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ունի։ Եվ մենք գրեթե երբեք չգիտենք, թե իրականում ինչ է թաքնված ուրիշների բարեկեցության հետևում, կամ ինչ գնով են նրանք հասել իրենց ունեցածին։
Գեղեցիկ տան հետևում կարող են մեծ պարտքեր լինել։ Սոցցանցերում հրապարակված երջանիկ լուսանկարի հետևում՝ մենակություն։ Իսկ հաջող կարիերայի հետևում՝ տարիներ, որոնք մարդը զոհաբերել է աշխատանքին։
«ՏՈՒՐ ԻՆՁ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒՆԻ» ԱՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
«Տե՛ր Աստված, օգնիր ինձ տեսնել այն հնարավորությունները, որոնք կան իմ կյանքում, և բաց չթողնել դրանք՝ անընդհատ ինձ ուրիշների հետ համեմատելով»։
Այսպես մտածելն ու աղոթելը շատ ավելի դժվար է։ Բայց նաև շատ ավելի անկեղծ։
5. Մի՛ խնդրեք Աստծուն կատարել մի ցանկություն, որը կարող է կործանել ձեզ
Երբեմն այնքան ուժեղ ենք ինչ-որ բան ցանկանում, որ մեր ամբողջ կյանքը սկսում ենք կապել միայն այդ ցանկության իրականացման հետ։
«Հենց ստանամ այդ աշխատանքը, վերջապես երջանիկ կլինեմ»։
«Հենց նա ինձ սիրի, կյանքս ամբողջովին կփոխվի»։
«Հենց շատ փող ունենամ, վերջապես հանգիստ կապրեմ»։
Բայց խնդիրը միշտ չէ, որ ցանկության մեծությունն է։ Խնդիրն այն է, որ մենք մեր երջանկությունը կախվածության մեջ ենք դնում մեկ բանից՝ համոզելով ինքներս մեզ, թե առանց դրա երբեք երջանիկ չենք լինի։
Եվ երբ ամբողջ կյանքդ կապում ես մեկ ցանկության հետ, այն չիրականանալը կարող է աշխարհի վերջ թվալ։
ԵՐԲԵՄՆ ԱՄԵՆԱԻՄԱՍՏՈՒՆ ԱՂՈԹՔՆ ԱՅՍ Է
«Տե՛ր Աստված, եթե այս ցանկության իրականացումն ինձ բարիք կբերի, օգնիր, որ այն կատարվի։ Իսկ եթե ոչ, ուժ տուր ինձ հրաժարվելու դրանից և տեսնելու այն հնարավորությունները, որոնք հիմա չեմ նկատում»։
Նման աղոթքի մեջ մի զարմանալի ազատություն կա։ Դու այլևս չես կառչում մեկ ցանկությունից՝ կարծելով, թե առանց դրա կյանքդ իմաստ չունի։
Երբեմն լավագույն պատասխանն այն չէ, ինչին սպասում էինք
Մենք սովոր ենք մտածել, որ աղոթելիս ամենակարևորը մեր ցանկությունը հնարավորինս հստակ ձևակերպելն է։ Բայց հավատալ նշանակում է նաև պատրաստ լինել ընդունելու այն պատասխանը, որը կարող է բոլորովին չհամապատասխանել մեր սպասելիքներին։
Երբեմն մեր առջև մի դուռ փակվում է, բայց դա դեռ չի նշանակում, թե Աստված երես է թեքել մեզանից։
Երբեմն սիրելի մարդը չի վերադառնում, բայց դա չի նշանակում, թե մենք բավականաչափ չենք աղոթել։
Երբեմն երկար սպասված հնարավորությունն այդպես էլ չի հայտնվում, բայց դա չի նշանակում, թե մենք քիչ ենք ջանք թափել։
Իսկ երբեմն այն, ինչ ժամանակին սարսափելի կորուստ էր թվում, տարիներ անց բոլորովին այլ կերպ ենք գնահատում։ Հետ նայելով՝ հասկանում ենք, որ հենց այդ իրադարձությունից հետո մեր կյանքը փոխվեց և նոր ընթացք ստացավ։
Մենք միշտ չէ, որ կարողանում ենք հասկանալ, թե ինչու է այս կամ այն բանը կատարվում մեզ հետ։ Հատկապես այն պահին, երբ ցավը դեռ թարմ է, իսկ ապագան՝ անորոշ։
Հնարավոր է՝ հենց այդ պատճառով ամենաուժեղ աղոթքն այն չէ, երբ մարդն Աստծուց պահանջում է, որ ամեն ինչ լինի ճիշտ իր ուզածի պես։
ԱՅԼ ԱՅՆ, ԵՐԲ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԱՍՈՒՄ Է
«Տե՛ր Աստված, ես չգիտեմ, թե ինչն է ինձ համար լավագույնը։ Բայց օգնիր ինձ չկորցնել ինքս ինձ, մինչև կարողանամ դա հասկանալ»։
Երբեմն հենց այս մտքից էլ սկսվում է իսկական վստահությունն Աստծու հանդեպ։








