Երբ Ֆեյսբուքում ձեզ հատուկ են բարկացնում, առաջին արձագանքը հաճախ նույնն է․ կարդում եք գրառումն ու մտածում՝ «Սրան պետք է պատասխանել»։
Մեկը վիրավորել է ձեր սերնդին։ Մյուսը գրել է, թե բոլոր կանայք շահամոլ են, իսկ բոլոր տղամարդիկ՝ անպատասխանատու։ Երրորդը երեխաների դաստիարակության մասին այնպիսի բան է ասել, որ չեք կարողանում լռել։
Բացում եք մեկնաբանությունները, պատասխանում։ Մի քիչ անց նորից եք նայում՝ տեսնելու, թե ինչ են գրել ձեզ։ Հետո գրառումն ուղարկում եք ընկերոջը․ «Մի հատ տես՝ ինչ անհեթեթություն են գրում»։
Արդեն նյարդայնացել եք, ժամանակ եք կորցրել։ Իսկ գրառումը ձեր շնորհիվ նոր մարդկանց է հասել։
Գուցե հեղինակն էլ հենց դա էր ուզում։ Նրան պետք չէր, որ համաձայնեիք իր հետ։ Բավական էր, որ արձագանքեիք։
Այս հնարքն անվանում են «զայրույթի խայծ»՝ rage bait։ Մարդկանց դիտավորյալ բարկացնում են, որպեսզի նրանք մեկնաբանեն, տարածեն ու քննարկեն հրապարակումը։ Այս երևույթի մասին այնքան շատ են սկսել խոսել, որ Oxford University Press-ը rage bait-ն ընտրել է 2025 թվականի տարվա արտահայտություն։ Ըստ հրատարակչության տվյալների՝ այն նախորդ 12 ամիսներին գործածվել էր երեք անգամ ավելի հաճախ։
Բոլորը քննադատում են, բայց հեղինակը գոհ է
Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը գրում է․ «Այսօրվա ծնողները երեխաներին դաստիարակել չգիտեն»։
Ոչ մի կոնկրետ դեպք, ոչ մի հիմնավորում։ Պարզապես մեղադրում է բոլոր ծնողներին։
Մեկը սկսում է պաշտպանվել։ Մյուսը հիշում է հարևանի երեխային։ Երրորդը պնդում է, թե նախկինում ամեն ինչ ավելի լավ էր։ Շուտով մարդիկ արդեն իրար են վիրավորում։
Հեղինակը կարող է նույնիսկ ոչինչ չգրել։ Նրա փոխարեն ընթերցողներն են շարունակում վեճը՝ նորից ու նորից վերադառնալով մեկնաբանություններին։
Եթե նա պարզապես ուզում էր ուշադրություն գրավել, ձեր «սա անհեթեթություն է» պատասխանն էլ կարող է օգտակար լինել նրան։
Հենց սա է թակարդը․ դուք ապացուցում եք, որ հեղինակը սխալ է, բայց միաժամանակ օգնում եք, որ նրա գրածն ավելի շատ մարդիկ կարդան։
Ամենահեշտը մեզ բարկացնելն է մեզ համար թանկ բաներով
Ընտանիք, երեխաներ, հայրենիք, մայրենի լեզու, աշխատանք, մեր սերունդը։
Երբ գրառումը վերաբերում է դրանցից մեկին, դժվար է անտարբեր մնալ։ Այն արդեն անծանոթի հերթական կարծիքը չի թվում։ Զգում եք, որ վիրավորել են նաև ձեզ։
Ու մտածում եք․ «Եթե ոչ ոք չպատասխանի, մարդիկ կհավատան»։
Ձեր ցանկությունը հասկանալի է։ Բայց նախ արժե հասկանալ՝ այստեղ իսկապե՞ս քննարկելու բան կա, թե՞ հեղինակը պարզապես փորձում է մարդկանց իրար դեմ հանել։
Դրա համար միշտ չէ, որ պետք է պատմություն հորինել։ Բավական է տեսանյութից մի հատված կտրել, կարևոր մանրամասները բաց թողնել կամ մեկ մարդու արածը վերագրել բոլորին։
Ու դուք արդեն պատասխանում եք՝ դեռ չիմանալով, թե իրականում ինչ է եղել։
Ինչու է նույն հնարքը կրկնվում
Եթե հանգիստ գրված հրապարակումը գրեթե ոչ ոք չի նկատում, իսկ կոպիտ մեղադրանքը հարյուրավոր պատասխաններ է ստանում, հեղինակն այդ տարբերությունը դժվար թե չտեսնի։
Հաջորդ անգամ նա կարող է նորից նույն ձևով գրել։
Գիտնականներն էլ են ուսումնասիրել այս կապը։ Յեյլի համալսարանի՝ 2021 թվականի հետազոտության ընթացքում վերլուծվել է 7,331 օգտատիրոջ շուրջ 12.7 միլիոն թվիթ։ Պարզվել է՝ այն մարդիկ, որոնց վրդովված գրառումներն ավելի շատ հավանումներ ու տարածումներ էին ստանում, հետագայում ավելի հաճախ էին նույն տոնով գրում։ Հետազոտության շրջանակում անցկացված փորձերը նույնպես ցույց են տվել, որ նման արձագանքները կարող են խրախուսել մարդկանց ավելի հաճախ վրդովմունք արտահայտել։
Սա դեռ չի նշանակում, որ մարդը ձևացնում է իր բարկությունը։ Նա կարող է իսկապես վրդովված լինել։ Բայց նաև տեսնում է, որ այդպես գրելիս իրեն ավելի շատ են նկատում։
Քեմբրիջի և Նյու Յորքի համալսարանների մեկ այլ հետազոտության մեջ ուսումնասիրվել է ամերիկյան լրատվամիջոցների ու Կոնգրեսի անդամների ավելի քան 2.7 միլիոն հրապարակում։ Քաղաքական հակառակորդների մասին գրառումները մոտ երկու անգամ ավելի հաճախ էին տարածվում, քան սեփական քաղաքական կողմի մասին նյութերը։ Սա ամերիկյան քաղաքական հրապարակումների ուսումնասիրություն է, ու դրա արդյունքը չի կարելի տարածել ցանկացած գրառման վրա։ Այն, սակայն, ցույց է տալիս, թե որքան մեծ ուշադրություն կարող է գրավել հակառակ կողմի մասին խոսքը։
«Տարածում եմ, որ մարդիկ տեսնեն՝ ինչ վատ բան է»
Հաճախ հենց այս մտքով էլ ընկնում ենք թակարդը։
Տարածում եք գրառումն ու գրում, թե ինչու է այն սխալ։ Բայց ձեր ընկերներից մեկը կարդում է միայն սկզբնական գրառումը։ Մյուսը մտնում է հեղինակի էջը։ Երրորդն էլ միանում է վեճին։
Դուք ուզում էիք քննադատել հրապարակումը։ Բայց այն ցույց տվեցիք մարդկանց, որոնք գուցե երբեք չէին տեսնի այն։
Meta-ն իր համակարգերի մասին բացատրությունում նշում է, որ գրառումները ցուցադրելու հերթականությունը որոշելիս հաշվի է առնվում նաև՝ որքան հավանական է, որ օգտատերը կտարածի դրանք։ Իհարկե, դա միակ գործոնը չէ։ Մեկ մեկնաբանությունը կամ տարածումը դեռ չի նշանակում, որ հրապարակումն անպայման մեծ տարածում կստանա։
Սակայն ձեր էջում այն տարածելով՝ դուք արդեն ցույց եք տալիս ձեր լսարանին։
Դուք կարող եք դեմ լինել գրառմանը և միաժամանակ օգնել դրա տարածմանը։
Ձեզ հետ ուզում են խոսե՞լ, թե՞ պարզապես վիճել
Ամեն բարկացնող գրառում սադրանք չէ։ Բայց կան բաներ, որոնց արժե ուշադրություն դարձնել։
Բոլորին նույն չափանիշով են դատում
«Բոլոր կանայք», «այսօրվա տղամարդիկ», «ձեր սերունդը»։ Կարծես այդ մարդիկ տարբեր բնավորություններ, կյանքեր ու պայմաններ չունեն։
Փաստեր ներկայացնելու փոխարեն ստիպում են կողմ ընտրել
Եթե համաձայն չեք, ուրեմն հիմար եք, վախկոտ կամ վատ մարդ։ Այսպիսի խոսակցությունում միտքը քննարկելու տեղ գրեթե չի մնում։
Հեղինակը չի պատասխանում հարցերին
Աղբյուր եք խնդրում՝ վիրավորում է։ Փորձում եք մանրամասները ճշտել՝ նոր մեղադրանք է հնչեցնում։
Վեճը շարունակվում է, բայց ոչինչ չի պարզվում
Մեկնաբանությունները շատանում են, իսկ դուք այդպես էլ չեք հասկանում՝ ինչ է եղել, ինչի վրա է հիմնված պնդումը և ինչ են առաջարկում անել։
Այս նշանները դեռ չեն ապացուցում, որ ձեզ դիտավորյալ սադրում են։ Բայց օգնում են հասկանալ՝ արժե՞ այդ քննարկման վրա ժամանակ ծախսել։
Իսկ եթե լռելն էլ ճիշտ չէ՞
Իհարկե, լինում են դեպքեր, երբ պետք է պատասխանել։ Հատկապես երբ տարածվում է սխալ տեղեկություն, որը կարող է վնասել մարդկանց, կամ երբ պետք է բարձրաձայնել անարդարության մասին։
Բայց օգտակար պատասխանը ինչ-որ բան պարզաբանում է։ Այն փաստ է ներկայացնում, ուղղում է սխալը կամ օգնում է ընթերցողին հասկանալ կատարվածը։
Գրելուց առաջ մի հարց տվեք ձեզ․ «Իմ պատասխանից հետո մարդիկ ի՞նչ նոր բան կիմանան»։
Եթե ասելիք ունեք, գրեք կարճ, հստակ ու փաստերով։ Պարտադիր չէ վեճը շարունակել այնքան, մինչև դիմացինն ընդունի, որ դուք ճիշտ եք։
Եթե ուզում եք հարցը քննարկել ձեր հետևորդների հետ, կարող եք առանձին գրառում անել։ Այդպես ձեր ասելիքը կհասցնեք մարդկանց՝ առանց սադրող հրապարակումը նորից տարածելու։
Իսկ երբ պարզ է, որ դիմացինը չի ուզում լսել և միայն նոր պատասխան է կորզում, կարող եք պարզապես հեռանալ քննարկումից։ Դա պարտություն չէ։ Ամեն մարդ, որը կարողացել է ձեզ բարկացնել, ձեր ժամանակի նկատմամբ իրավունք չի ստանում։
Հաջորդ անգամ մեկնաբանություն գրելուց առաջ մի պահ կանգ առեք ու մտածեք․
«Ես հիմա ուղղո՞ւմ եմ սխալը, թե՞ օգնում եմ, որ այն ավելի շատ մարդիկ տեսնեն»։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է «զայրույթի խայծը»։
«Զայրույթի խայծը» հրապարակում է, որով դիտավորյալ փորձում են բարկացնել մարդկանց՝ նրանց ուշադրությունը, մեկնաբանություններն ու տարածումները ստանալու համար։
Ինչո՞ւ են Ֆեյսբուքում ձեզ հատուկ բարկացնում։
Որոշ հեղինակներ սադրիչ ձևակերպումներ են ընտրում, որպեսզի մարդիկ արձագանքեն ու տարածեն գրառումը։ Բայց միայն բարկանալը դեռ չի ապացուցում, որ հրապարակումը դիտավորյալ սադրանք է։
Ինչպե՞ս պատասխանել՝ առանց սադրանքը տարածելու։
Եթե կա կարևոր սխալ, ուղղեք այն կարճ ու փաստերով։ Անհրաժեշտության դեպքում թեմայի մասին առանձին գրառում արեք՝ առանց սկզբնական սադրանքը վերահրապարակելու։








