1960 թվականին ֆիզիկոսները մի բանաձև էին կազմել և հաշվարկել այն օրը, երբ Երկրի վրա մարդկանց թիվը, ըստ այդ բանաձևի, պետք է դառնար անվերջ մեծ։ Հաշվարկը նրանց հասցրել էր 2026 թվականի նոյեմբերի 13 -ին՝ ուրբաթ։ Այո՛, հենց ուրբաթ՝ 13-ին, եթե հասկանում եք ակնարկը։
Մինչ այդ օրը մնացել է մոտ մեկուկես ամիս, բայց խուճապի կարիք չկա․ աշխարհի վերջ չի լինելու։
1960 թվականի հոդվածը կրկին տարածվում է համացանցում
Տասնամյակներ առաջ հրապարակված գիտական աշխատանքը նորից սկսել է շրջել համացանցում ու անհանգստացնել մարդկանց։ Պատճառը հիմնականում վերնագիրն է՝ «Աշխարհի վերջը․ ուրբաթ, 2026 թվականի նոյեմբերի 13»։
Հոդվածի հեղինակը ֆիզիկոս էր, որն աշխատությունն գրել էր իր գործընկերների հետ։ Այնտեղ խոսք չկա ո՛չ աստերոիդների, ո՛չ միջուկային պատերազմի մասին։ Թեման շատ ավելի երկրային էր՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող մոլորակի գերբնակեցումը։
Այսօր շատերին ավելի շատ մտահոգում են բնակչության ծերացումը կամ նույնիսկ դրա նվազումը։ Բայց 1960-ականների սկզբին վախը ճիշտ հակառակն էր․ մարդկանց թիվն արագ աճում էր, իսկ Երկիր մոլորակը դրանից ավելի մեծ չէր դառնում։
Ինչպես բնակչության աճը հասավ «անվերջության»
Հեղինակները հավաքել էին մարդկության թվաքանակի գնահատականները՝ մոտավորապես Քրիստոսի ժամանակներից մինչև 1958 թվականը։ Ստացված կորը գնալով ավելի կտրուկ էր բարձրանում։
Տրամաբանությունը պարզ էր․ եթե դուք չորս երեխա ունեք, և նրանցից յուրաքանչյուրն էլ՝ չորս երեխա, ապա յուրաքանչյուր հաջորդ սերնդի հետ մարդկանց թիվն ավելի արագ է աճում։
Հետո գիտնականներն այդ կորը պարզապես շարունակել էին դեպի ապագա։ Եվ մոտ 2026 թվականին բանաձևի արդյունքը հասնում էր անվերջության։ Հաշվարկի հնարավոր շեղումը մոտ հինգ տարի էր՝ այս կամ այն կողմ։
Մաթեմատիկայում նման կետը կոչվում է սինգուլյարություն․ այդ պահին բանաձևը տալիս է անվերջ մեծ արժեք և այլևս չի կարող նկարագրել իրականությունը։
Իսկ կոնկրետ նոյեմբերի 13-ը, ամենայն հավանականությամբ, կատակ էր․ դա հոդվածի հեղինակի ծննդյան օրն էր։ Հարցազրույցներից մեկում նա նույնիսկ մռայլ հումորով ասել էր, որ ժամանակակից մարդկանց ծոռները սովից չեն մահանա, նրանց պարզապես կճզմեն մարդկանց բազմության մեջ։
Հեղինակն ինքը չէր հավատում իր «ապոկալիպսիսին»
Ամեն ինչ ցույց է տալիս, որ գիտնականն ինքն էլ չէր սպասում, թե Երկրի վրա երբևէ մարդկանց թիվը բառացիորեն անվերջ կդառնա։ Նա պարզապես ուզում էր, որ մարդիկ մտածեն, թե մարդկության ինչպիսի թվաքանակ կարելի է ողջամիտ համարել։
Քանի որ մարդկանց կյանքի տևողությունը նվազելու միտում չուներ, նա ելքը տեսնում էր ծնելիության սահմանափակման մեջ։
Հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց։ Քննադատում էին թե՛ դրա վախեցնող եզրակացությունները, թե՛ այն, որ ժողովրդագրության մասին դատողություններ էին անում ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները, այլ ոչ թե բնակչության հարցերով զբաղվող մասնագետները։
Քննադատներից մեկն այդ աշխատանքը նույնիսկ անվանել էր օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է մաթեմատիկայի օգնությամբ հիմնավորել ակնհայտ անհեթեթ եզրակացություն։
Բայց այս պատմությունը նաև անսպասելի կողմ ունի։ Հետագայում պարզվեց, որ որոշ ժամանակ այդ կանխատեսումն իրականությանը նույնիսկ ավելի մոտ էր, քան ժամանակի շատ ժողովրդագիրների հաշվարկները։
Մինչ տասնամյակներ առաջ աշխարհը վախենում էր գերբնակեցումից, այսօր շատ երկրներում արդեն հակառակ միտումն է՝ ծնելիությունը նվազում է, իսկ բնակչությունը՝ ծերանում։
Ծնելիությունը նվազեց, և բնակչության աճը սկսեց դանդաղել
1960-ականներից հետո շատ երկրներ արդյունաբերականացան, բարեկեցության մակարդակը բարձրացավ, իսկ ընտանիքներում երեխաների թիվը նվազեց։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2025 թվականին Երկրի վրա ապրում էր մոտ 8,2 միլիարդ մարդ։ Բնակչության առավելագույն թվաքանակը սպասվում է 2080-ականներին՝ մոտ 10 միլիարդ մարդ, որից հետո մարդկության թիվը, ամենայն հավանականությամբ, կսկսի նվազել, ոչ թե շարունակել աճել։
Նոյեմբերին որևէ «անվերջության» հասնելուց մենք շատ հեռու ենք թեկուզ այն պարզ պատճառով, որ հղիությունը տևում է ինը ամիս։ Եվ եթե աշխարհում հանկարծ միլիարդավոր գաղտնի հղիություններ չեն եղել, ապա մարդկանց թիվը պարզապես չի կարող այդքան արագ աճել։
Ճիշտ է, նույնիսկ այսօր աշխարհի բնակչության ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Հաշվարկներին խանգարում են մարդկանց տեղաշարժերը, պատերազմները և ոչ լիարժեք մարդահամարները։ Իսկ գյուղական բնակավայրերի բնակիչների թիվը, ըստ որոշ գնահատականների, կարող է զգալիորեն թերագնահատված լինել։
Նույն բանաձևով առաջին մարդը հայտնվում էր 200 միլիարդ տարի առաջ
Ամենազավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակներն իրենք էին նկատել իրենց հաշվարկի այս տարօրինակ հետևանքը։
Եթե նույն կորը շարունակենք ոչ թե դեպի ապագա, այլ հակառակ ուղղությամբ՝ դեպի անցյալ, ապա առաջին մարդը՝ պայմանական Ադամը, պետք է հայտնված լիներ մոտ 200 միլիարդ տարի առաջ։
Գիտնականներն իրենք էլ ազնվորեն նշել էին, որ Տիեզերքի համար այդպիսի տարիք չէին առաջարկել նույնիսկ ամենահամարձակ աստղագետները։
Սա էլ հենց պատմության գլխավոր դասն է․ բանաձևը լավ է աշխատում միայն այն տվյալների սահմաններում, որոնց հիման վրա ստեղծվել է։ Իսկ երբ փորձում ենք այն չափազանց հեռու շարունակել դեպի ապագա կամ անցյալ, սկսվում է արդեն ոչ թե գիտությունը, այլ ֆանտաստիկան։
Այնպես որ 2026 թվականի նոյեմբերի 13-ը սովորական ուրբաթ կլինի։ Իսկ ավելի քան վեց տասնամյակ առաջ հրապարակված այս հոդվածը պարզապես լավ հիշեցում է, թե որքան դժվար է տասնամյակներ առաջ կանխատեսել մարդկության թվաքանակի փոփոխությունները։








