Յուրաքանչյուր մարդ իրեն համարում է սեփական կյանքի գլխավոր հերոսը։ Սակայն Օքսֆորդի համալսարանի ֆիզիկոս Վլատկո Վեդրալի (Vlatko Vedral) կարծիքով՝ մենք ավելի շուտ խամաճիկներ ենք, որոնց թելերն ամեն պահի քաշում են զուգահեռ տիեզերքներից։ Այս մոտեցումը միանգամայն նոր լույսի ներքո է ներկայացնում կամքի ազատության և դետերմինիզմի դարավոր բանավեճը՝ ցույց տալով, որ մեր որոշումներն ու դրանց հետևանքները շատ ավելի բազմաշերտ են, քան կարելի է պատկերացնել մեր սովորական, եռաչափ իրականությունում։
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Գլխիվայր շրջված «դիտորդի էֆեկտը»
Popular Mechanics ամսագրում հրապարակված իր հոդվածում Վեդրալը նշում է, որ հայտնի «դիտորդի էֆեկտի» գիտահանրամատչելի ընկալումը (երբ չափման կամ դիտարկման պրոցեսն ինքնին ազդում է համակարգի վրա) լիովին խեղաթյուրում է պատճառահետևանքային կապը։ Այս մասին գրում է Futurism պարբերականը։
Սովորաբար դա բացատրվում է այսպես. քվանտային օբյեկտները միաժամանակ գտնվում են մի քանի տարբեր վիճակներում, քանի դեռ դիտորդը չի նայել դրանց։ Հենց այդ պահին բազմակի վիճակները փլուզվում են, և մնում է միայն մեկը։ Սա մի ենթադրություն է, որը հաճախ հիմք է դառնում տարատեսակ էզոթերիկ պնդումների համար, թե իբր մենք ինքներս ենք ստեղծում իրականությունը պարզապես այն դիտարկելով (սա, ի դեպ, Կոպենհագենյան մեկնաբանության խիստ պարզեցված և ծայրահեղականացված տարբերակն է)։
Ֆիզիկական փաստ, այլ ոչ թե գիտակցության զորություն
Վեդրալը վստահեցնում է, որ ֆիզիկան նման գաղափար չի հաստատում։ Ալիքային ֆունկցիայի փլուզումը մարդկային գիտակցության ինչ-որ գերբնական հատկություն չէ։ Դա ավելի շուտ ֆիզիկական երևույթ է. ցանկացած փոխազդեցություն պարզապես ստիպում է քվանտային համակարգին ֆիքսվել կոնկրետ վիճակում։ Ժամանակակից գիտության մեջ այս երևույթը հաճախ կոչվում է Քվանտային կապակցվածության կորստով (quantum decoherence)։ Այսինքն՝ համակարգի՝ որոշակի վիճակի անցնելը պայմանավորված է շրջակա միջավայրի հետ շփմամբ, այլ ոչ թե պարտադիր մարդու գիտակցված հայացքով։
- Օրինակ՝ երբ ֆոտոնը դիպչում է ձեր արևային ակնոցին, այն չի սպասում, որ ձեր ուղեղը դա գրանցի ու նկատի։ Կախված կոնկրետ ֆիզիկական գործոններից՝ ֆոտոնը կա՛մ անցնում է ապակու միջով, կա՛մ անդրադառնում է դրանից։ Ուրեմն, ֆոտոնի հետագիծը մարդը չի որոշում։
Ճիշտ հակառակը, ըստ Վեդրալի, մարդն ինքն է ձևավորվում ֆոտոնի հետագծով։ Այն «դուք»-ը, որին բաժին է ընկել այդ կոնկրետ ֆոտոնը, արդեն նկատելիորեն տարբերվում է այն «ձեզանից», որին այն չի դիպել։
Կարդացեք նաև՝ Քվանտային անմահություն. 7 ապացույց, որ մենք արդեն մահացել ենք, բայց շարունակում ենք ապրել զուգահեռ իրականության մեջ
Բազմակի աշխարհներ և անվերջանալի «Ես»-եր
Ֆիզիկոսի փաստարկի հիմքում այն միտքն է, որ ձեր երկու տարբերակներն էլ միաժամանակ գոյություն ունեն։ Սա ուղիղ կապվում է Հյու Էվերեթի հայտնի «Բազմակի աշխարհների մեկնաբանության» (Many-Worlds Interpretation) հետ։ Վերջինս մերժում է ալիքային ֆունկցիայի իրական փլուզման գաղափարը՝ առաջարկելով, որ իրադարձությունների բոլոր հնարավոր ելքերն իրականանում են միմյանցից անջատվող տիեզերական ճյուղերում։ Թեև լույսը գիտակցաբար ընկալող «դուք»-ը անխուսափելիորեն կգնա այլ քվանտային ճանապարհով, քան լույսը չընկալած ձեր տարբերակը, տիեզերական մասշտաբով երկուսն էլ հավասարապես իրական են։
«Առանց չափազանցության կարելի է ասել, որ քվանտային բոլոր գիտափորձերը, մեծ հաշվով, Շրյոդինգերի հայտնի գիտափորձի քիչ թե շատ բարդացված տարբերակներն են»,- նշում է գիտնականը։
Ամեն մի, անգամ ամենաաննշան փոխազդեցությունը ծնում է նոր ճյուղավորումներ՝ ստեղծելով սեփական զուգահեռ տիեզերքները։ Արդյունքում ամեն վայրկյան աննկատ ի հայտ են գալիս անվերջ քանակությամբ նոր «դուք»-եր՝ դիտարկվող «ես»-ին կամաց-կամաց մղելով պարտվողի դեր։
Ինչպես գրում է Վեդրալը. «Քվանտային օբյեկտներում կոդավորված իրականության տարրերը հիմնարար բնույթ են կրում, և դուք՝ ինչպես այս, այնպես էլ այլ իրականություններում, նորովի եք ձևավորվում ամեն անգամ, երբ դիտարկում եք դրանք»։
Ամփոփելով այս բարդ ֆիզիկական ու փիլիսոփայական պատկերը՝ հրատարակությունը եզրակացնում է. ինչ-որ տեղ՝ զուգահեռ իրականությունում, ձեր շատ ավելի հաջողակ ու զիլ տարբերակը վայելում է իր լավագույն կյանքը, մինչդեռ ձեր մեկ այլ վարկած կարող է ապրել բոլորովին այլ, գուցե ոչ այնքան բարենպաստ պայմաններում։








