Մենք ապրում ենք խրոնիկ, չափից դուրս բացության աշխարհում: Մենք հրապարակում ենք ամեն ինչ՝ մեր վազքի երթուղիներից (ներառյալ սքրինշոթերը՝ որպես ծանր աշխատանքի ապացույց) մինչև աշխատասեղանին դրված սառույցով բաց կանաչ լատեն կամ ընկերոջ նվերը (որը նշվում է ակնառու տեղում, այլ ոչ թե համեստորեն թաքցվում): Հայտնի չէ երբ, բայց մեր ուղեղը վերափոխվել է «կիսվելու» ռեժիմի՝ գրի առնել, համակարգել և հրապարակել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, իսկ այնուհետև սարսափելի ծավալներով սպառել ուրիշների կոնտենտը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ուստի, ահա մի արմատական գաղափար. երբ խոսքը վերաբերում է նպատակներին և պլաններին, փորձեք դրանք պահել ձեր մեջ, գրում է Upworthy-ն։ Դա կարող է դառնալ դրանք իրականություն դարձնելու բանալին։
Ինչու պետք է լռեք ձեր նպատակների մասին
Հենց այս ուղերձն է ընկած TikTok-ի անհավանականորեն հայտնի թրենդի հիմքում, որը կոչվում է «Move in Silence» («Գործիր լռության մեջ»): Կոնտենտի հեղինակները բացահայտել են հաջողության հակասական կոդը. փոխանակ հեռարձակելու ձեր մտքով անցած յուրաքանչյուր մեծ գաղափար կամ նախագիծ, պահեք ձեր ծրագրերը ձեր մեջ, քանի դեռ դրանք չեն իրականացվել, եթե իսկապես ցանկանում եք, որ դրանք կատարվեն:
Եվ սա պարզապես թրենդ չէ. զարմանալիորեն, գիտությունը նույնպես աջակցում է այս «անձայն» մոտեցմանը: Նյու Յորքի համալսարանի (NYU) կողմից անցկացված հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր գաղտնի են պահել իրենց նպատակները, առաջադրանքների վրա աշխատել են միջինը 45 րոպե՝ համեմատած 33 րոպե աշխատանքի հետ, որը կատարել են նրանք, ովքեր նախապես հայտարարել էին իրենց պլանների մասին: Ո՞րն է խնդիրը: Մարդիկ, ովքեր կիսվել էին իրենց նպատակներով, իրենց ավելի մոտ էին զգում ավարտին, չնայած նրան, որ կատարել էին մոտ 25%-ով պակաս աշխատանք:
NYU-ի հոգեբան Փիթեր Գոլվիտցերը, ով ղեկավարել է հետազոտությունը, եկել է այն եզրակացության, որ «հենց որ դուք պատմում եք այլ մարդկանց ձեր մտադրությունների մասին, դա ձեզ տալիս է «ավարտվածության վաղաժամ զգացում»։
Նա նաև պարզել է, որ ուղեղը բաղկացած է «ինքնության խորհրդանիշներից», որոնք ստեղծում են մեր «Ես»-ի կերպարը: Հետաքրքիր է, որ և՛ գործողությունները, և՛ գործողությունների մասին խոսակցությունները խորհրդանիշներ են ստեղծում ձեր ուղեղում: Ուստի ապագա պլանի կամ որևէ բանի մասին պարզ խոսակցությունը, որը ցանկանում եք անել, բավարարում է ուղեղի այդ հատվածը: Երբ մենք հանրայնացնում ենք մեր նպատակները (հատկապես նրանք, որոնք կարևոր են մեզ համար և կապված են մեր ինքնության հետ), նշված նպատակին հասնելու մեր կարողությունը զգալիորեն նվազում է: Ինչպես ասում է հին ասացվածքը՝ «Քիչ խոսք, շատ գործ»:
Ինչն ավելի տարօրինակ է, իր «Արդյոք սոցիալական իրականությունը մեծացնո՞ւմ է մտադրության և վարքագծի միջև անջրպետը» աշխատության մեջ Գոլվիտցերը նշում է՝ որպեսզի այս ֆենոմենը գործի, մարդը պետք է իսկապես մտահոգված լինի իր նպատակներով:
Քննադատությունը և գովասանքի թակարդը
Եվս մեկ պատճառ լռելու. եթե դուք նորեկ եք և փորձում եք ինչ-որ նոր բան, պլանների մասին պատմելը կարող է ձեզ բացել քննադատության և բացասական հետադարձ կապի համար, ինչը կարող է կոտրել նույնիսկ սկսելու ցանկությունը: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Այելետ Ֆիշբախը անցկացրել է հետազոտություններ՝ պարզելու, թե ինչպես են դրական և բացասական հետադարձ կապերն ազդում նպատակի իրագործման վրա: Ըստ Atlassian-ի տվյալների՝ նա և իր թիմը պարզել են.
- Երբ դրական հետադարձ կապը ազդարարում է նպատակին հավատարմությունը, այն բարձրացնում է մոտիվացիան:
- Երբ դրական հետադարձ կապը ազդարարում է առաջընթացը, այն իրականում նվազեցնում է մոտիվացիան:
«Օրինակներից մեկը, որը բերում են հետազոտողները. մաթեմատիկայի ուսանողուհին, ով լավ գնահատական է ստացել թեստից: Եթե նա դա ընկալում է որպես նշան, որ իրեն դուր է գալիս մաթեմատիկան, նա կսովորի ավելի ջանասիրաբար: Իսկ եթե նա բարձր միավորը դիտարկում է որպես նշան, որ նա հաջողություններ է գրանցում դասարանում, նա կարող է թուլանալ և ավելի քիչ սովորել», – գրում են նրանք:
Մենք բոլորս անցել ենք սրա միջով. ոգևորված պատմում ենք բոլորին Եվրոպայով ուսապարկով ճամփորդելու մեծ պլանների մասին, այն տարվա մասին, երբ վերջապես կսովորեք իսպաներեն, կամ թենիսի խմբակային դասի գրանցվելու մասին, միայն թե առեղծվածային կերպով կորցնենք ամբողջ մոտիվացիան մեկ շաբաթ անց: Պարզվում է, որ դոֆամինի այդ հաճելի ալիքները, որոնք ուղեկցում են յուրաքանչյուր գովասանքի, կարող են լինել հենց այն, ինչը ձեզ ետ է պահում:
Կարդացեք նաև՝ Ինչի մասին է ավելի լավ լռել, նույնիսկ երբ թվում է, թե կյանքում վերջապես ամեն ինչ կարգին է. իմաստունների խորհուրդը
Ո՞ւմ կարելի է պատմել
Լավ նորությո՞ւնը: Ձեզ հարկավոր չէ դառնալ ինքնամփոփ ու գաղտնապահ ճգնավոր լեռան գագաթին, ով վախենում է աշխարհի հետ կիսվել իր որևէ մասնիկով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նպատակներով կիսվելը մեկ կամ երկու ընտրյալ ընկերների հետ, ում կարելի է վստահել և ովքեր իմաստալից աջակցություն կցուցաբերեն, այնուամենայնիվ լավ գաղափար է: Ուղղակի հետաձգեք Instagram-ի ուղիղ եթերը մինչև այն պահը, երբ իսկապես կհասնեք ինչ-որ էական բանի:
Բանալին այն է, որ կիսվեք այն ընկերների հետ, ովքեր աջակցում են ձեր նպատակներին և ձեր հանդեպ թաքնված վիրավորանք չունեն, քանի որ բացասական հետադարձ կապը կարող է լրջորեն խանգարել ձեր պլաններին:
«Ավելին, ձեր էմոցիոնալ արձագանքները ձեր նպատակի առաջընթացի մասին կարծիքներին ազդում են այն բանի վրա, թե ինչպես եք դուք դրսևորելու ձեզ ապագայում: Շատ պարզեցված տարբերակը ենթադրում է, որ դրական հետադարձ կապը մոտիվացնում է, իսկ բացասականը՝ ապամոտիվացնում», – գրում է Էլիոտ Բերկմանը Psychology Today-ում:
Ուստի հաջորդ անգամ, երբ նստեք գրի առնելու ձեր նպատակները՝ լինի դա ամանորյա խոստում, օրվա անելիքների ցուցակ, թե հնգամյա պլան, երկու անգամ մտածեք՝ նախքան ուրիշների հետ կիսվելը: Տվեք ժամանակ, և հնարավոր է՝ շուտով ձեզ մոտ հայտնվի ավելի լավ բան, քան պարզապես պլաններն են՝ արդյունքներ:








