fbpx

Ատելության քիմիա․ ի՞նչ է կատարվում մեր ուղեղում, երբ տանել չենք կարողանում որևէ մեկին

Ատելությունը կառավարել՝ նշանակում է դադարել դրա գերին լինելուց։

Որևէ մեկին ատելը զգացում է, որ ծանոթ է գրեթե բոլորին։ Երբեմն դա պարզապես գրգռվածություն է, երբեմն էլ՝ զգացմունքների իսկական փոթորիկ, երբ ուզում ես գոռալ կամ փախչել։ Բայց երբևէ մտածե՞լ եք, թե իրականում ինչ է կատարվում ուղեղում, երբ այդ զգացումն ենք ունենում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գիտությունը բացատրում է՝ ատելությունը պարզապես «վատ բնավորություն» չէ, այլ բարդ քիմիական գործընթաց մեր ուղեղում։

Ամեն ինչ սկսվում է նշաձև մարմնից (ամիգդալայից)՝ ուղեղի մի փոքրիկ հատվածից, որը հաճախ «զգացմունքային կենտրոն» են անվանում։ Այն ակնթարթորեն արձագանքում է սպառնալիքին։ Եվ այո, տհաճ գործընկերը կամ հարևանը կարող է ակտիվացնել ճիշտ նույն ռեակցիան, ինչ իրական վտանգը։ Ուղեղը բառացիորեն ընկալում է նյարդայնացնող մարդուն որպես սպառնալիք, և դուք գրեթե ֆիզիկական մակարդակով անհանգստություն եք զգում․ սրտխփոցն արագանում է, շնչառությունը՝ հաճախանում, իսկ մկանները՝ լարվում։

Միևնույն ժամանակ գործի է անցնում նախաճակատային կեղևը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տրամաբանության և ինքնատիրապետման համար։ Այն գնահատում է իրավիճակը՝ արդյո՞ք արժե բարկանալ և ինչպե՛ս վարվել։ Եթե նրան չի հաջողվում «սանձել» նշաձև մարմինը, գրգռվածությունը վերաճում է զայրույթի, իսկ զայրույթն իր հերթին՝ ատելության։

Նեյրոքիմիան այստեղ իր խորամանկ դերն ունի։ Ադրենալինի և կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կտրուկ բարձրանում է՝ մարմինը նախապատրաստելով «կռվի՛ր կամ փախի՛ր» ռեժիմին։ Իսկ դոֆամինը (հաճույքի հորմոն) կարող է ատելությունը տարօրինակ կերպով «հաճելի» դարձնել։ Ինչո՞ւ։ Որովհետև բարոյական գերազանցության զգացումը կամ վրեժի միտքն ուղեղին փոքրիկ պարգև են տալիս։ Այո՛, ատելությունը երբեմն ինքն իրեն է սնում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սոցիալական գործոնը ևս ուժեղացնում է այս զգացումը։ Եթե ընկերներն ու գործընկերներն աջակցում են ձեր բացասական վերաբերմունքին ինչ-որ մեկի նկատմամբ, ուղեղը դա ընկալում է որպես սեփական ռեակցիայի հաստատում, և զգացմունքն էլ ավելի է ամրապնդվում։ Սա «զգացմունքային վարակի» երևույթն է։

Հետաքրքիր է, որ ուժեղ ատելությունը հետք է թողնում ոչ միայն հոգեկանի, այլև մարմնի վրա։ Քրոնիկ սթրեսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, խանգարում քունը, կարող է թուլացնել իմունիտետը և նույնիսկ մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այսինքն, զգացմունքը, որը մենք հաճախ փորձում ենք «ներսում պահել», իրականում քայքայում է մեր առողջությունը։

Բայց կա նաև լավ նորություն․ ուղեղին կարելի է սովորեցնել կառավարել ատելությունը։

Կարդացեք նաև՝ Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»

Ահա մի քանի արդյունավետ միջոց.

  • Գիտակցե՛ք և դադար տվե՛ք։ Երբ զգում եք, որ նյարդայնանում եք, մի պահ կանգ առեք։ Կենտրոնացեք ձեր շնչառության վրա, ընդունեք զգացմունքն առանց դատելու․ «Ես զայրանում եմ»։ Սա օգնում է նշաձև մարմնին հանդարտվել և նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունը։
  • Դրսևորե՛ք էմպաթիա (կարեկցանք)։ Փորձեք հասկանալ այն մարդու շարժառիթները, որը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում։ Հաճախ պատճառը ոչ թե չար դիտավորությունն է, այլ պարզապես տարբեր փորձառությունը կամ սթրեսը։ Էմպաթիան նվազեցնում է նշաձև մարմնի ակտիվությունը և մեղմում զգացմունքները։
  • Ազատվե՛ք զգացմունքներից թղթի վրա։ Գրի առեք ձեր մտքերը։ Սա լարվածությունը թոթափելու անվտանգ և արդյունավետ միջոց է։
  • Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ։ Սպորտը, յոգան, պարերը օգնում են «այրել» ադրենալինի և կորտիզոլի ավելցուկը (կարդացեք նաև՝ 16 հոգեբանական թակարդ, որոնք խլում են ձեր երջանկությունը
  • Գտե՛ք դրական այլընտրանք։ Նյարդայնացնող մարդու վրա կենտրոնանալու փոխարեն՝ ուշադրությունն ուղղեք որևէ հաճելի բանի՝ հոբբի, ուրիշներին օգնել, ստեղծագործել։ Ուղեղը կսկսի «պարգևատրվել» դրական գործողությունների, այլ ոչ թե բացասական զգացմունքների համար։

Ատելությունը ոչ թե պարզապես զգացմունք է, այլ ուղեղում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների մի ամբողջ շղթա, որը սպառնալիքի դեմ պատասխան է և միևնույն ժամանակ՝ սթրեսային ու նույնիսկ հաճելի ազդանշանների աղբյուր։ Այս մեխանիզմը հասկանալն ազատություն է տալիս․ դուք կարող եք զգալ, բայց թույլ չտալ, որ զգացմունքները տիրեն ձեզ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ատելության քիմիա․ ի՞նչ է կատարվում մեր ուղեղում, երբ տանել չենք կարողանում որևէ մեկին
Բրյուս Լիի փիլիսոփայությունը