1926 թ. նոյեմբերին, Մախլուտոն Անդրանիկին անակնկալի բերելով, մեծ հանդիսավորությամբ նշեց Վանքի կռվի 25 ամյակը։ Իր պատասխան խոսքում Անդրանիկը մանրամասն նկարագրեց այդ պատմական կռիվը և այդ կռվում զոհված իր ֆիդայիներին հիշելով՝ դառնորեն լաց եղավ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը։
— Եկա՞ր, Մախլուտո, — ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փնտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։
Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում:
— Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված, — ասաց մահամերձը։ — Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։
— Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, — շարունակեց Շապինանդը, — երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։
Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու, Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ։
Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին՝ հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք։
Փոքր–ինչ շունչ առնելով ավելացրեց,
— Երկու բան սիրեցի աշխարհում— որբ մանուկն ու թըշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։
Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։
Լուսադեմին Շապինանդը չկար։
Նրա մարմինը զմրսեցին և մահից ութ օր վերջը փոխադրեցին հայոց եկեղեցին։ Հաջորդ օրը տարան թաղելու։ Դագաղի առջևից ընթանում էր մի նժույգ՝ թամբին զինվորի համազգեստ և հրացան։ Երբ թափորը հասավ «Արարատյան գերեզմանատուն», հայ երիտասարդները վերևից ինքնաթիռով վարդեր շաղ տվին նրա դագաղին։ Բայց դագաղը հողը չդրին, այլ վերցրին ու կրկին եկեղեցի տարան։
Չորս ամիս հետո, Ֆրեզնոյի հայերը Սան–ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը։ Անդրանիկը «Պատվո լեգիոն» շքանշանով պարգևատրված էր ֆրանսիական կառավարության կողմից և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում՝ Կոմունարների պատի մոտ։
Ու 1928 թվականի հունվարի 8-ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ իրենց հետ տանելով ազգային հերոսի դին։
Կարդացեք նաև՝ Մարդ, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար
Դրեցին հյուսված դամբանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր Էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ ներկա Էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում Էր զորավար Մախլուտոն զինակից հայդուկների խմբով։
Ետևից համընթաց քայլում Էին բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։
Դագաղը ուսամբարձ Հասավ Պեր Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո Համազարկի տակ իջավ գերեզման։
Ֆրանսիան նույնպես պատվո Համազարկ տվեց։ Անդրանիկի մահից հետո Մախլուտոն առմիշտ թողեց Լոս Անջելոսն ու «Ղարիբ Մշեցի» պանդոկը և հաստատվեց Փարիզում։ Եվ այնուհետև նա երկար տարիներ չբաժանվեց ոչ Ֆրանսիայից, ոչ էլ իր սիրած հայդուկապետի գերեզմանից։ Շատ մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց։ Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ — Մուշը։
Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա Հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ։
Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից։
«Ռանչպարների կանչը»
Լուսանկարում` Զորավար Անդրանիկը իր զինակից Զորավար Սմբատի` Մախլուտոյի հետ: