fbpx

«Ժամանակակից գրողները լավն են», այդ ընթերցողներն են վատը

Ես հիմնականում հեռուստացույց չեմ դիտում: Սակայն երեկ որոշեցի քնելուց առաջ մեկ ժամ հեռուստացույց դիտել, նոր քնել: Սակայն որոշումս փաստորեն հաջող չէր, քանի որ քնելուց առաջ մեղմ ասած նյարդերս քարուքանդ եղան: «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կենդանի մատյան» հաղորդաշարով քննարկվում էր «Հայ արդի գրականություն» թեման: Հրավիրված էին մի շարք «գրողներ» (գրողներ բառը պատահականորեն չի հայտնվել չակերտներում): Անձամբ ես նրանցից ոչ մեկին չէի ճանաչում (բացառությամբ գրողների միության նախագահից): Պարզվեց, որ այնտեղ նստաց հանդիսատեսին նույնպես անծանոթ էին այդ դեմքերն ու անունները: Ու որ իրենց չեն ճանաչում՝ այս «մեծագույն գրողները» սկսեցին մեղադրել ընթերցողներին, մեղադրելով նրանց մեղմ ասած չընթերցած լինելու մեջ: Ի սկզբանե ագրեսիայով լեցուն «գրողներ» էին հավաքվել:

Մի «գրող» տիկին էր նստած որը ուղղակիորեն բարբաջում էր բարձրաշխարհիկ, բարձր գրականության մասին: Նրա խոսքերով բարձր գրականությունը չի կարող հասու լինել չպատրաստված մարդուն, այդ մարդը ուղղակի չի հասկանա: Ես ենթադրեցի, որ այս տիկինը բարձրաշխարհիկ գրականություն ասելով նկատի ուներ իր գրածները: Այլապես ինչպե՞ս է լինում, երբ որ կյանքում ոչ մի տող չկարդացած մարդը հանկարծ կարդում է Սևակի տողերից և նրա աչքերում արցունքներ են հայտնվում: Թե՞ Սևակը բարձր գրականություն չի ներկայացնում: Եվ կամ այդ ինչպես է լինում, երբ դպրոցական երեխան Րաֆֆի է կարդում և հասկանում Րաֆֆու գրածը: Հա ի դեպ այս կինը իրեն մի պահ ուզում էր հավասարեցնել Րաֆֆուն, սակայն ի ուրախություն մեզ, նրան ժամանակին կանգնեցրեց գրողների միության նախագահը:

Նստած էին նաև երեք երիտասարդ «գրողներ», որոնք իրենց լիարժեք կայացած գրող համարելով, փորձում էին լսարանին ինչ որ բան սովորեցնել և մեղադրում էին նրանց ինչպես ասացի չընթերցած լինելու մեջ: Խոսում էին լավ ու վատ գրողներից ու տպավորությունը այնպիսին էր, որ նրանք համոզված էին, որ իրանք գտնվում են լավ գրողների շարքերում: Նորաթուխ այդ գրողներից մի երիտասարդ առանց կաշկանդվելու հանդիսատեսների մասին ասաց՝ կրկնում եմ բառացի. «Սխալ կուպե եք ընԳել»: Իսկ մի երիտասարդ աղջնակ, որը երևի նոր-նոր էր սկսել քայլեր կատարել այս մեծ կյանքում, իրեն համարելով մեծագույն «հայոց բանաստեղծուհի» նախ ներկայացել էր, որպես բանաստեղծուհի, չգիտակցելով, որ բանաստեղծ և բանաստեղծուհի դա մասնագիտություն չէ, այլ կոչում, որը տրվում է ժողովրդի կողմից:

Ի դեպ ես նույնպես երբեմն գրում եմ բանաստեղծություններ: Լավ թե վատ՝ դա կարևոր չէ, բայց ես երբեք ինձ չեմ կարող թույլ տալ ինչ որ տեղ ներկայանալ, որպես բանաստեղծ, քավ լիցի:

Եվ այս «բանաստեղծուհին» վեճի էր դուրս եկել հանդիսատեսներից մեկի հետ (ըստ երևույթին իր բարձր իտելեկտը ցուցադրելու, կայանալու խնդիր կար). «Դու սա կարդացել ես, կամ սա, կամ սա….»:

Ամբողջ հաղորդաշարի ընթացքում այս «Հայ արդի գրականությունը ներկայացնող մեծագույն գրողները» մեղադրում էին մարդկանց, որ ոչ թե իրենք են վատը, որ իրենց չեն կարդում և ճանաչում, այլ ընթերցողը՝ վայրկյան անգամ չմտածելով, որ միգուցե իրենց գրածներն են աղբակույտի համար նախատեսված:

Ասածս ի՞նչ է. այ «մեծագույններ», նախ կայացեք, նախ դարձեք իրական մեծատառով Գրողներ, նոր բարբաջեք բարձրաշխարհիկ երևույթներից, որը մեզ, հասարակ մահկանացուներիս հասանելի չէ…

Եվ ինչպե՞ս կարելի է Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Մեծարենցի, Բակունցի, Չարենցի, Սևակի, Շիրազի…… կողքին նույն հարթակի վրա կանգնեցնել այս մարդկանց և կոչել գրողներ:

Եթե իրենք են գրող  և ներկայացնում են հայ գրականությունը, և քանի դեռ կասկածելի սեռով և կասկածելի բաներ գրող երիտասարդները են գրող, գրականության ներկայացուցիչ, քանի դեռ Վիոլետի գրական քֆուրները են հայ արդի գրականության մի մաս, ապա ես նզովում եմ այդ գրականությունը:

Եվ փաստորեն մեր մեծերը ԱՅԼ գրականության ներկայացուցիչ են և ես ընդունում եմ միմիայն այդ ԱՅԼ-ը՝ Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Մեծարենց, Բակունց, Չարենց, Սևակ, Շիրազ, Շանթ, Օտյան, Դեմիրճյան, Մուրացան, Ռուբեն Սևակ, Դուրյան, Մաթևոսյան….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ժամանակակից գրողները լավն են», այդ ընթերցողներն են վատը
Զինվորական շքերթ Արցախում (55 ֆոտո)