fbpx

Մեջբերումներ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպից

«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը։ Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման անհնարինությանը։

Հավերժ վերադարձը խորհրդավոր գաղափար է, որով Նիցշեն շատ փիլիսոփաների նեղը գցեց․ մտածել, որ մի օր այն ամենը, ինչ մի անգամ ապրել ենք, կկրկնվի, և որ նույնիսկ այդ կրկնությունն անվերջորեն կկրկնվի։

Հավերժ վերադարձի առասպելը բացասման սկզբունքով հաստատում է, որ մեկընդմիշտ և անվերադարձ անհետացող կյանքը նման է ստվերի՝ անկշիռ, ի սկզբանե մեռած, և անգամ եթե այն սոսկալի է, գեղեցիկ, հիասքանչ, այդ սոսկալին, գեղեցիկը կամ հիասքանչը ոչինչ չեն նշանակում։

Եթե մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը պիտի կրկնվի անթիվ անգամներ, ապա մենք մեխված ենք հավերժությանը, ինչպես Հիսուսը՝ խաչին։

Մարդը երբեք չգիտի՝ ինչ ուզի, որովհետև նրան միայն մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ իր սխալներն ուղղել հետագա կյանքերում։

Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել։ Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու։ Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու։ Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն արդեն իսկ կյանքն է։

Մի անգամը հաշիվ չէ, մի անգամը ոչ մի անգամ է։ Ընդամենը մի կյանք ապրելը նման է առհասարակ չապրելու։

Փոխաբերությունները վտանգավոր բան են։ Փոխաբերությունների հետ հանաք չեն անում։ Սերը կարող է ծնվել ընդամենը մի փոխաբերությունից։

Մեկին սիրել կարեկցանքից դրդված՝ նշանակում է իրականում չսիրել։

Իր բնակավայրը լքել ցանկացող մարդը դժբախտ մարդ է։

Չկա առավել ծանր բան, քան կարեկցանքը։ Նույնիսկ սեփական ցավն այնքան ծանր չէ, որքան օտարի հետ կիսած, օտարի համար, օտարի փոխարեն զգացած ցավը, որ մեր երևակայությունը բազմապատկում, երկարաձգում է հարյուրավոր արձագանքներով։

Ծանրությունը, անհրաժեշտությունը և արժեքը երեք փոխկապակցված հասկացություններ են․ լուրջ է միայն այն, ինչ անհրաժեշտ է, արժեք ունի միայն այն, ինչ ծանր է։

Բոլորիս  համար էլ անընկալելի է, որ մեր կյանքի սերը կարող է թեթև, անկշիռ մի բան լինել․ մենք երևակայում ենք, որ մեր սերը չէր կարող այլ դեմք ունենալ, որ առանց նրա մեր կյանքը կդադարեր մեր կյանք կոչվելուց։

Մայր լինել նշանակում է ամեն ինչ զոհաբերել։

Կյանքի գերագույն արժեքը մայրությունն է, մայրությունը մեծ զոհաբերություն է։ Եթե մայրությունն ինքնին Զոհաբերությունն է, դուստր լինելն ուրեմն այն Սխալն է, որը երբեք ոչնչով չես կարող քավել։

Բայց մի՞թե որքան պատահականությունները շատ են, այնքան իրադարձությունը կարևոր և իմաստալից չի դառնում։

Պատահականությունն է մեզ ուղղված միակ ուղերձը։ Այն ամենը, ինչ պատահում է անհրաժեշտաբար, այն ամենն ինչ սպասելի է ու կրկնվում է ամեն օր, դատապարտված է համրության։ Միայն պատահականությունն է բարբառում։ Եվ մենք փորձում ենք կարդալ նրա խորքում, ինչպես գնչուներն են բաժակի հատակին սուրճի մրուրի գծած կերպարանքները կարդում։

Որպեսզի սերը դառնա անմոռանալի, առաջին իսկ ակնթարթից պատահականությունները պետք է գան-հավաքվեն՝ ինչպես թռչունները Սուրբ Ֆրանցիսկոսի ուսերին։

Մարդը, առաջնորդվելով գեղեցիկի զգացումով, պատահական հանդիպումը դարձնում է մի մոտիվ, որն այնուհետև ներհյուսվելու է իր կյանքի պարտիտուրային։ Նա կվերադառնա այդ մոտիվին, կկրկնի, կփոփոխի, կզարգացնի այն, ինչպես կոմպոզիտորն իր սոնատի թեման է մշակում։

Մարդը մինչև իսկ ամենախորին հուսահատության պահերին իր կյանքը կառուցում է գեղեցիկի օրենքների համաձայն։

Մենք կարող ենք մարդուն իրավացիորեն մեղադրել, որ կույր է պատահականությունների հանդեպ և այդպիսով զրկում է իր կյանքը գեղեցիկի չափումից։

Երազը սոսկ հաղորդագրություն չէ, այն նաև գեղագիտական զբաղմունք է, երևակայության խաղ, ու այդ խաղն ինքնին արժեք է։ Երազն ապացուցում է, որ երբևէ գոյություն չունեցած բաներ երևակայելը, երազելը մարդու ամենահզոր կարիքներից է։ Այդտեղից է գալիս այն նենգ վտանգը, որ թաքնված է երազի մեջ։ Եթե երազը գեղեցիկ չլիներ, հեշտ կլիներ այն շուտ մոռանալ։

Նա, ով մշտապես ցանկանում է «բարձրանալ», պիտի պատրաստ լինի օրերից մի օր գլխապտույտ  զգալու։

Միշտ էլ թույլ ես ավելի հզոր ուժի հետ բախվելիս։

Արտերկրում ապրողը քայլում է դատարկ տարածության միջով՝ ասես լողալով երկրի վերևում, և նա զրկված է պաշտպանական ամրագոտուց, որ ցանկացած մարդու տալիս է իր հարազատ երկիրը, որտեղ նրա ընտանիքն է, գործընկերները, ընկերները, որտեղ առանց որևէ դժվարության նա հաղորդակցվում է այն լեզվով, որին տիրապետում է մանկուց։

Գլխապտույտ զգալը նշանակում է հարբել սեփական թուլությամբ։ Գիտակցում ես թուլությունդ և դրան դիմադրելու փոխարեն՝ ուզում ես անձնատուր լինել։ Հարբում ես սեփական թուլությամբ, ուզում ես է՛լ ավելի թույլ լինել, ուզում ես տապալվել փողոցի մեջտեղում, բոլորի աչքի առջև, հայտնվել գետնին, ավելի ցած, քան գետնին։

Նա, ով անձնատուր է լինում օտարին, ինչպես զինվորն է գերության հանձնվում, նախօրոք պիտի զենքերը վայր դնի։

Այն, ինչ ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել։

Հավատարմությունը բոլոր առաքինությունների մայրն է, այն միավորում է մեր կյանքը, որն այլապես կբեկվեր բյուրավոր, ցաքուցրիվ, թռուցիկ տպավորությունների։

Առաջին դավաճանությունն անշրջելի է։ Շղթայական ռեակցիայով այն մեզ տանում է դեպի նորանոր դավաճանություններ, և դրանցից յուրաքանչյուրն ավելի ու ավելի է մեզ հեռացնում առաջին դավաճանության մեկնակետից։

Երաժշտության փոխակերպումը աղմուկի համատիեզերական գործընթաց է, որով մարդկությունը վերջնականապես թևակոխում է լիակատար տգեղության պատմական շրջափուլ։

Աղմուկը մի առավելություն ունի։ Աղմուկի մեջ բառերը խլանում են։

Ծայրահեղությունները գծում են այն սահմանը , որից անդին կյանքն ավարտվում է, ծայրահեղական կիրքն, ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ արվեստում, մահվան ծպտված տենչանք է։

Մթությունը մաքուր է, կատարյալ, պատկերներից, տեսիլներից զերծ, այն չունի վերջ կամ սահման, այդ մթությունն այն անվերջությունն է, որ մեզնից յուրաքանչյուրը կրում է իր ներսում։

– Սերը պայքար է։ Ես երկար կպայքարեմ։ Կպայքարեմ մինչև վերջ։
– Սերը պայքա՞ր է։ Ես պայքարելու նվազագույն ցանկություն չունեմ։

Մեր հետապնդած նպատակը միշտ էլ սքողված է մեր ներքին տեսողությունից։

Երբ մի շիշ գինու շուրջ հավաքված ընկերների զրույցը դառնում է հրապարակային ռադիոհաղորդման նյութ, դա միայն մի բան կարող է նշանակել․ այն, որ աշխարհը վերածվել է համակենտրոնացման ճամբարի։

Միայն երեխայի ձևակերպած հարցերն են իսկապես լուրջ հարցեր։ Միայն ամենամիամիտ հարցերն են իրականում լուրջ հարցեր։ Հարցեր, որ չունեն պատասխան։ Հարցը, որի պատասխանը գոյություն չունի, մի սահման է, որից անդին ճանապարհ չկա։ Այլ կերպ ասած՝ հենց պատասխան չունեցող այդ հարցերն են նշում մարդկային հնարավոր ծայրակետը և գծում սահմանները մեր գոյության։

Տառափանքից խուսանավելու համար ամենից հաճախ ապաստան ես փնտրում ապագայում։

Մի՞թե չիմանալ՝ նշանակում է անմեղ լինել։ Մի՞թե գահին բազմած տխմարն ընդամենը իր տխմարության պատճառով ազատվում է ամեն մի պատասխանատվությունից։

Որքա՜ն անպաշտպան է մարդը շողոքորթության առջև։

Մարդկանց չափից դուրս մեծ հրճվանք է պատճառում դիմացինի բարոյական նվաստացումը։

Սպանությունն ընդամենը շտապեցնում է այն, ինչն  Ամենաբարձրյալը կարգավորելու է վաղ թե ուշ։

Երևակայել կարելի է միայն այն, ինչը միանման է բոլորի մոտ, բնորոշ է բոլորին։

Երբ միշտ ապրում ես երեխաներիդ կողքին, վարժվում ես այդ նմանություններին, դրանք քեզ բնական են թվում, և նկատելիս նույնիսկ կարող ես զվարճանալ։

Բարու և չարի միջև ընկած սահմանը սոսկալի աղոտ է։

Մարդկային կյանքը երբեք չի կրկնվում, և մեզ տրված չէ երբևէ ստուգել՝ որն էր ճիշտ, որը՝ սխալ վճիռը, որովհետև ցանկացած իրադրությունում մեզ միայն մի անգամ է վիճակված վճիռ կայացնել։ Մեզ չի տրվի երկրորդ, երրորդ, չորրորդ կյանք, որ այդ տարբեր վճիռները համեմատենք։

Մեկ անգամը հաշիվ չէ։ Մեկ անգամը ոչ մի անգամ է։

Պատմությունը նույնքան թեթև է, որքան անհատի կյանքը, անտանելիորեն թեթև, թեթև, ինչպես փետուրը, թեթև, ինչպես օդ թռչող փոշին, թեթև, ինչպես մի բան, որ վաղը  կանհետանա։

Երբ սիրտն է բարբառում, բանականությունը չի պատշաճում հանդես գալ իր առարկություններով։

Հարցը նման է սուրսայր դաշույնի, որ պատռում է դեկորի կտավը, որպեսզի ցույց տա, թե ինչ է թաքնված ետևում։

Կյանքում լինում են իրադրություններ, երբ մարդը դատապարտված է թատրոն խաղալու։

Յուրաքանչյուրի կարիքն է, որ ինչ-որ մեկի հայացքը հետևի իրեն։

Մարդկությանը պարզված իսկական բարոյական քննությունը վերջինիս հարաբերություններն են իրենից կախում ունեցող էակների՝ կենդանիների հետ։ Եվ հենց այդտեղ է արձանագրվել մարդու հիմնարար ձախողումը, այնքան հիմնարար, որ բոլոր մյուսները բխում են դրանից։

Սարսափը նման է ուժեղ ցնցման, բացարձակ կուրացման ակնթարթի։ Այն զերծ է գեղեցիկի ամեն մի նշույլից։ Այդ պահին ամեն ինչ մթագնում է մեզ սպասվող անհայտության վայրագ փայլատակումից։

Բոլորս էլ հակված ենք ուժեղի մեջ մեղավորի տեսնել, թույլի մեջ՝ անմեղ զոհի։

Աշխարհում ոչ ոք չի ծնվում հատուկ առաքելությամբ։ Եվ ի՜նչ թեթևություն է, երբ նկատում ես, որ ազատ ես, որ ոչ մի առաքելություն  չունես։

Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Էլոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպից
Օրվա հանելուկը. Գլխի կընկնե՞ք թե ինչից են պատրաստված այս քնքուշ ծաղիկները