Խորիմաստ առակ անցյալի, ներկայի և ապագայի մասին: Ո՞րն է ավելի կարևոր․․․
Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասում է.
– Անցյալն է, որ մարդուն դարձնում է այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմտությունները մարդը ձեռք է բերում անցյալից:
– Համաձայն չեմ,- բացականչում է մյուսը, – ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով էլ օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:
– Դուք հաշվի չառաք այն փաստը,- միջամտում է երրորդը,- որ անցյալը և ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չի եկել: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը ձեր անցյալի:
Եվ ուրեմն մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված: