Ուղիղ 19 տարի առաջ, այս օրը՝ հուլիսի 29-ը դարձավ ինձ համար ճակատագրական: Հենց այս օրը ես կորցրեցի իմ կյանքի երևի ամենակարևոր մարդուն: Կորցրեցի այն ժամանակ, երբ իր կարիքը ամենաշատն էր զգացվում իմ կյանքում: Այն տարիքում կորցրեցի, երբ հենց նա պետք է ինձ սովորեցներ թե ինչ է կյանքը և ինչպես պետք է ոտք դնեմ այս կյանք: 1992թ հուլիսի 29-ին իմ հայրը հեռացավ կյանքից:
Հայր՝ որով հպարտացել, հպարտանում ու դեռ շատ երկար կհպարտանամ: Հայր, որը ինձ համար մի չափանիշ է, որին ձգտում եմ և կարծում եմ դեռ երկար կձգտեմ հասնել:
ՀԱՅՐՍ
Հայրս՝ Հելբիկ Դերենիկի Հակոբյանը գիտնական էր, լուրջ գիտնական: Բազմաթիվ գյուտերի հեղինակ: Գյուտեր, որոնք այսօր տեղ են գտել մի շարք քիմիական արտադրություններում: Իսկ որոշ գյուտեր անհետ կորան: Սրտի կաթվածից և կլինիկական մահվանից հետո հայրս մասամբ կորցրեց հիշողությունը և դրա արդյունքում նա մոռացավ որոշ գյուտերի ծածկագրեր: Գյուտեր որոնք միգուցե դեռ երկար ժամանակ չհայտնաբերվեն: Նրա ղեկավար, հայտնի պրոֆեսոր Նորայր Բեյլերյանը մինչ այսօր չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այդ գյուտերը անհետ կորել են, նրա խոսքով այդ գյուտերը շատ բան կարող էին փոխել ֆիզիկական և կոլոիդ քիմիայի պատկերացումներում:
Ինչևէ այս մարդը նույնիսկ այդպիսի հարվածից հետո շարունակեց իր գիտական գործուներությունը: Իսկ Արցախյան պատերազմի ժամանակ նա էր որ առաջին անգամ Հայաստանում և շատ աղբյուրներ նշում են, որ նույնիսկ Անդրկովկասում առաջին անգամ սկսեց արտադրել հրթիռային վառելնյութ: Այս մասին դուք կարող եք կարդալ իմ “Մեծ, բայց և անհայտ անուն” հոդվածում և Ա1+-ի լրագրող՝ Մանե Պապյանի հոդվածում, որը կոչվում է “Պայքար ոչ պատերազմի դաշտում“:
Նրա հայրենասիրությունը մի առանձին թեմա է, որի մասին մեկ օր ես անպայման կգրեմ և դա դժվար թե լինի կարճլիկ մի հոդված: Հայրենասիրություն, որը անկախ իմ կյանքից գենետիկորեն ինձ է փոխանցվել: Հայրենասիրությունը նրա գեներում և ամեն մի բջիջում էր:
Իսկ որպես Հայր և որպես ամուսին հայրս նույնպես ինձ համար մի բարձր չափանիշ է: Նա այնպիսի ամուսին էր, որ մայրս մինչ այսօր դողացող և լացակումած ձայնով է արտասանում նրա անունը: Նա այնպիսի մի հայր էր, որ չնայած նրան, որ նա շատ շուտ լքեց մեզ՝ այն ժամանակ, երբ ես ընդամենը 14 տարեկան էի, մեծ քույրս 16, իսկ փոքր քույրս 3, բայց նա այնպիսի մի հիշողություններ է թողել մեզ մոտ, որ անհնար է նրա մասին գոնե մեկ վայրկյան մոռանալ:
Նրա և նրա գործերի մասին կարելի է անվերջ խոսել: Բայց դա ծանր է ինձ համար, ուստի թույլ տվեք այսքանով ավարտել:
Պապ ջան դու միշտ կապրես մեր սրտերում և հիշողություններում: Քո անունը միշտ վառ է: Մենք միշտ կհպարտանանք քեզնով: