Հրաշալի առակ երջանիկ և հաջողակ լինելու մասին և ոչ միայն.
Մի մարդ երազում տեսնում է մի խանութ, որտեղ վաճառողը հենց ինքը՝ Աստվածն է:
-Տեր Աստված, սա իսկապես Դո՞ւ ես, – երջանկացած հարցնում է նա:
-Այո, իսկապես Ես եմ:
–Իսկ ի՞նչ կարելի է Քո խանութից գնել:
– Ամեն ինչ, ինչ ցանկանաս…
– Ուրեմն, տուր ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն ու շատ փող:
Աստված բարյացակամ ժպտաց ու գնաց ետնասենյակ: Որոշ ժամանակ անց Նա վերադարձավ փոքրիկ թղթե մի տուփ բերելով:
– Այսքան մի բա՞ն,- զարմացած ու հիասթափված հարցրեց մարդը, – չէ՞ որ այնքան շատ բան էի ուզել:
– Այո, -պատասխանեց Աստված, – մի՞թե չգիտեիր, որ Ես միայն սերմեր եմ վաճառում…