fbpx

Պաոլո Կոելյո – Սուրբ ծննդյան հեքիաթ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, – ասաց առաջինը, -ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

– Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

– Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, – ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին: Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց: Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը: Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Հավանեցի՞ր, ուրեմն կիսվիր նաև ընկերներիդ հետ՝


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag