Մարդիկ հաճախ կարծում են, որ ցանկացած խոսակցության կամ վեճի ժամանակ հաղթում է տրամաբանությունը։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մեր արձագանքների, որոշումների և նույնիսկ հիշողությունների վրա մեծ ազդեցություն ունեն հույզերը։ Ինչպես գրում է The Economic Times-ը, այս պարզ ճշմարտությունը հասկանալը կարող է օգնել խուսափել ավելորդ բախումներից և բարելավել հարաբերությունները։
Այս միտքը լավագույնս արտահայտում է ամերիկացի հայտնի հեղինակ և դասախոս Դեյլ Քարնեգիի ամենաշատ մեջբերվող խոսքերից մեկը․
«Մարդկանց հետ շփվելիս հիշեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանությամբ, այլ հույզերով առաջնորդվող էակների հետ»։
Այս խոսքերը վերցված են նրա «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքից։ Մեջբերումը մինչ օրս հաճախ է հիշատակվում առաջնորդության, հաղորդակցության և հուզական ինտելեկտի մասին խոսելիս։
«Թեև այս խոսքերը գրվել են գրեթե մեկ դար առաջ, դրանք շարունակում են արդիական մնալ մեր արագ փոփոխվող աշխարհում, որտեղ վեճերը հաճախ ծագում են համացանցում, աշխատավայրում և նույնիսկ ընտանիքներում», — նշում է պարբերականը։
Ի՞նչ է նշանակում Դեյլ Քարնեգիի խոսքը մարդկանց և հույզերի մասին
Առաջին հայացքից Քարնեգիի խոսքը պարզ է թվում։ Սակայն դրա մեջ մարդու վարքագծի մասին շատ ավելի խոր միտք կա։
Նա հիշեցնում է, որ միայն փաստերով հազվադեպ է հնարավոր փոխել մարդու կարծիքը։ Յուրաքանչյուրն ունի իր անձնական փորձը, վախերը, հպարտությունը, համոզմունքներն ու հույզերը, և այդ ամենը ազդում է նրա արձագանքի վրա։
Նույնիսկ երբ մարդուն հստակ տրամաբանական բացատրություն են տալիս, հաճախ հույզերն են որոշում՝ նա կընդունի՞ այն, թե՞ կմերժի։
Քարնեգին չէր պնդում, որ տրամաբանությունն արժեք չունի։ Նրա միտքն այն էր, որ արդյունավետ հաղորդակցությունը սկսվում է մարդու հուզական կողմը հասկանալուց։
Երբ մարդը զգում է, որ իրեն հարգում և հասկանում են, նա ավելի պատրաստակամ է լսելու։ Իսկ երբ նրան թվում է, թե իր վրա հարձակվում են կամ փորձում են նվաստացնել, նույնիսկ ամենահիմնավոր փաստարկը կարող է որևէ արդյունք չտալ։
Ինչո՞ւ է հուզական ինտելեկտն այսօր ավելի կարևոր դառնում
«Այսօր աշխատանքային թիմերում, դպրոցներում և ընտանիքներում ավելի մեծ ուշադրություն է դարձվում հուզական ինտելեկտին։ Տեխնիկական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կարևոր են, սակայն հարաբերությունների հաջողությունը հաճախ կախված է հույզերը հասկանալու կարողությունից։
Ղեկավարները, որոնք նախ լսում են և միայն հետո խոսում, սովորաբար ավելի համախմբված թիմեր են ստեղծում։ Ծնողները, որոնք հասկանում են իրենց երեխաների հույզերը, հաճախ ավելի հեշտ են նրանց հետ ընդհանուր լեզու գտնում։ Իսկ այն ընկերները, որոնք անմիջապես խորհուրդ տալու փոխարեն նախ փորձում են հասկանալ ու աջակցել, ավելի մեծ վստահություն են ներշնչում», — ասվում է հրապարակման մեջ։
Քարնեգին այս գաղափարների մասին խոսում էր դեռ շատ ավելի վաղ, քան «հուզական ինտելեկտ» հասկացությունը լայն տարածում կստանար։
Նրա մոտեցման հիմքում ուշադիր լսելն էր, դիմացինին անկեղծորեն հարգելը և անիմաստ վեճերից խուսափելը։
Ինչպես նշում է պարբերականը, նրա գաղափարները մինչ օրս կիրառվում են ղեկավարների վերապատրաստման, հաճախորդների սպասարկման, վաճառքի, կրթության և անձնական զարգացման ոլորտներում։
Ինչո՞ւ է այս մեջբերումը մինչ օրս արդիական
«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքի առաջին հրատարակությունից գրեթե 90 տարի անց Քարնեգիի խորհուրդները շարունակում են արդիական մնալ, քանի որ մարդկային բնությունն առանձնապես չի փոխվել։
Նա համոզված էր, որ հաջող հաղորդակցությունը սկսվում է կարեկցանքից։ Նրա հայտնի խոսքը հիշեցնում է, որ յուրաքանչյուր շփման մեջ կան ոչ միայն փաստեր, այլև հույզեր։
«Դեռ շատ ավելի վաղ, քան աշխատավայրերում վերապատրաստումները սովորական երևույթ կդառնային, Դեյլ Քարնեգին համոզված էր, որ մարդկանց հետ շփվելու և հաղորդակցվելու հմտությունները կարելի է սովորել այնպես, ինչպես տեխնիկական գիտելիքները։
Այդ ժամանակ նրա մեթոդները նոր և անսովոր էին համարվում, քանի որ կենտրոնանում էին ինքնավստահության, լսելու կարողության և հարաբերություններ կառուցելու վրա, ոչ թե միայն մասնագիտական հմտությունները զարգացնելու։
Հետագայում այդ գաղափարներից շատերը դարձան տարբեր ոլորտներում գործող ընկերությունների կորպորատիվ վերապատրաստման ծրագրերի սովորական մասը», — ամփոփում է The Economic Times-ը։








