Ո՞ւմ չարժե հրավիրել սեփական տուն. Հարուկի Մուրակամիի դիպուկ խոսքը

Կան մարդիկ, որոնց այցից հետո տունն ասես ավելի է ջերմանում։ Բայց պատահում են նաև հակառակ դեպքեր...

Կան մարդիկ, որոնց այցից հետո տունն ասես ավելի է ջերմանում։ Նրանք ներս են մտնում, և տարածքը միանգամից կենդանանում է. մթնոլորտը դառնում է թեթև, զրույցներն ընթանում են անկաշկանդ, անգամ լռությունն է հաճելի դառնում։ Սակայն լինում են և այնպիսիք, որոնց հեռանալուց հետո քեզ համակում է հոգնածություն, լարվածություն կամ ներքին խառնաշփոթ, ինչը միշտ չէ, որ կարելի է տրամաբանորեն բացատրել։

Միացե՛ք մեր Telegram ալիքին

Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։

Բաժանորդագրվել

Նման պահերին տունն այլևս պարզապես շինություն չէ։ Այն դառնում է մի հայելի, որն արտացոլում է ուրիշների ներկայության ազդեցությունը մեզ վրա։ Մեր իրականության մեջ, որտեղ հյուրընկալությունը հաճախ ընկալվում է որպես պարտադիր պայման, մենք հակված ենք հանուն հասարակական նորմերի անտեսել մեր իսկ հարմարավետությունը: Ու հաճախ սա սկսում ենք նկատել միայն այն ժամանակ, երբ հյուրն արդեն գնացել է։

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին շատ դիպուկ է ձևակերպել ուրիշի կյանքում ներկա գտնվելու պարզ, բայց խորը կանոնը.

«Իմ կյանք են մտնում նրանք, ովքեր ուզում են, և հեռանում են նրանք, ովքեր ուզում են, բայց բոլոր հյուրերի համար կա մի ընդհանուր կանոն. ներս մտնելիս մաքրեք ոտքերը, իսկ հեռանալիս՝ փակեք ձեր հետևից դուռը»։

Առաջին հայացքից սա ընդամենը տարրական քաղաքավարություն է։ Բայց իրականում խոսքը շատ ավելի խորը բաների՝ անձնական սահմանների, հարգանքի ու ուրիշի տարածքում զգուշորեն գտնվելու կարողության մասին է։ Այնպես, որ քեզնից հետո չթողնես հետքեր, որոնք տանտերը ստիպված կլինի դեռ երկար ժամանակ «մաքրել»։

Տունը՝ մեր ներաշխարհի շարունակություն

Տունն ընդամենը պատեր, կահույք ու իրեր չեն։ Սա մի վայր է, որտեղ մարդը լիովին բնական է ու իսկական։ Այստեղ պետք չէ կերպարներ ստեղծել, սոցիալական դերեր խաղալ կամ արդարացնել ինչ-որ մեկի սպասումները։ Հոգեբաններն այս միջավայրն անվանում են «անվտանգության բազա»: Դրա համար էլ այն ամենը, ինչ կատարվում է մեր տան ներսում, շատ նուրբ ձևով արտացոլում է մեր հոգեվիճակն ու հարաբերությունների որակը։

Հենց այս պատճառով ոչ բոլորը պետք է հեշտությամբ մուտք գործեն այս տարածք։ Խնդիրն այն չէ, որ մարդիկ բաժանվում են «լավերի» ու «վատերի»: Պարզապես յուրաքանչյուրն ունի դիմացինի զգացմունքներն ու խոցելիությունը հարգելու տարբեր կարողություն։

Երբեմն մեկ այցն էլ բավական է այդ տարբերությունը նկատելու համար։ Մի դեպքում հյուրերը գալիս են ու ոչինչ չեն խախտում, մյուս դեպքում՝ կարծես անտեսանելի հետք են թողնում, որը դեռ երկար մնում է տան մթնոլորտում։ Սա յուրօրինակ էմոցիոնալ վարակում է, երբ մենք ակամայից վերցնում ենք դիմացինի տագնապն ու անհանգստությունը։

Ումի՞ց արժե հեռու պահել սեփական տունը

1. Մարդիկ, ովքեր չեն զգում անձնական սահմանները

Սրանք նրանք են, ովքեր ուրիշի տունն ընկալում են որպես սեփականի շարունակություն։ Կարող են իրենց այնպես պահել, ասես ամեն ինչ ընդհանուր է. չեն նկատում, որ պետք է թույլտվություն հարցնել, հաշվի չեն առնում տանտիրոջ առօրյան, չեն զգում այն պահը, երբ արդեն պետք է կանգ առնել։

Նրանց գնալուց հետո հաճախ մնում է ոչ թե վեճի նստվածք, այլ սահմանների խախտման մի տարօրինակ զգացողություն։ Կարծես քո տարածքն արդեն մի փոքր պակաս է քեզ պատկանում, քան մինչև նրանց գալը։ Եվ այստեղ էականը ոչ թե կոնկրետ արարքներն են, այլ ընդհանուր մթնոլորտը. նման մարդկանց կողքին շատ բարդ է պահպանել սեփական սահմանները։

2. Նրանք, ովքեր իրենց հետ լարվածություն են բերում

Պատահում է, որ մարդն արտաքնապես լիովին քաղաքավարի է, բայց նրա հետ շփումից հետո ծանրություն ես զգում։ Զրույցները կարող են լինել երկար ու անգամ հետաքրքիր, բայց ներսումդ հոգնածություն է կուտակվում։ Սա հաճախ նշանակում է, որ դիմացինն անգիտակցաբար սպառում է քո էներգիան:

Սրանք այն հյուրերն են, որոնց գնալուց հետո ուզում ես ոչ թե շարունակել երեկոն, այլ մենակ մնալ ու վերականգնվել։ Եթե սա պարբերաբար է կրկնվում, ուրեմն պատահականություն չէ, այլ կայուն օրինաչափություն։

3. Մարդիկ, որոնք անընդհատ լցնում են տարածքը

Կան մարդիկ, ովքեր ուղղակի տանել չեն կարողանում լռությունը։ Նրանց պետք է անընդհատ ինչ-որ բան քննարկել, խոսել, ուրիշներին քաշել իրենց էմոցիաների կամ վեճերի մեջ։ Նրանց ներկայությամբ շատ դժվար է պարզապես հանգիստ նստել։

Այսպիսի հանդիպումներից հետո կարող է ծանրաբեռնվածության զգացում առաջանալ, ասես գլխումդ չափազանց շատ աղմուկ է հավաքվել։ Եվ նույնիսկ երբ հյուրն արդեն հեռացել է, այդ ներքին լարվածությունը դեռ մի որոշ ժամանակ մնում է։

Կարդացեք նաև՝ «Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ պատուհանից այն կողմ փչող քամին․ ոչ կարող ես ձեռք տալ, ոչ էլ շնչել». Հարուկի Մուրակամիի՝ սիրտը ծակող 16 մտքերը, որոնք կստիպեն մտածել

4. Նրանք, ովքեր տարրական հարգանք չեն ցուցաբերում տարածքի հանդեպ

Խոսքը խիստ կանոնների կամ ձևականությունների մասին չէ, այլ սովորական, բազային հարգանքի. այն մասին, թե ինչպես է մարդը մտնում տուն, ինչպես է վարվում քո իրերի հետ, ինչպես է վերաբերվում քո կենսակերպին։

Շատ հաճախ դա դրսևորվում է աննկատ դետալներում՝ անփութության կամ «ինձ միևնույն է» կեցվածքի մեջ։ Ու հենց այս «միևնույն է»-ն է ամենից շատ ցավեցնում, որովհետև դա վերաբերում է ոչ թե իրերին, այլ հենց քեզ՝ որպես տանտիրոջ:

5. Հյուրեր, որոնցից հետո ներքին քաոս է մնում

Կան հյուրեր, որոնցից հետո ուղղակի պետք է մաքրել տունը։ Բայց կան այնպիսիք, որոնց գնալուց հետո պետք է ինքդ քեզ «հավաքես»։ Նրանց հետ խոսելը կարող է կասկածներ ու տագնապ առաջացնել, ստիպել կասկածի տակ դնել սեփական որոշումներդ։

Այս մարդիկ պարտադիր չէ, որ կոնֆլիկտային լինեն։ Շատ հաճախ նրանք անգամ հաճելի զրուցակիցներ են։ Բայց հեռանալուց հետո հոգումդ աղմուկ է բարձրանում. մտքերդ խառնվում են իրար, իսկ ինքնավստահությունդ՝ նվազում։

Ինչո՞ւ է կարևոր ուշադրություն դարձնել այս ամենին

Ժամանակի հետ հասկանում ես, որ տունը չեզոք տարածք չէ։ Այն չափազանց զգայուն է բոլոր նրանց հանդեպ, ովքեր մտնում են այնտեղ։

Եվ հարցն ամենևին էլ բոլորի առջև դռները փակելը կամ պատեր կառուցելը չէ։ Խնդիրն այն է, որ պարզապես նկատես, թե ինչպես ես քեզ զգում այդ շփումից առաջ, ընթացքում և հետո։ Որովհետև երբեմն ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչպես է մարդն իրեն պահում տվյալ պահին, այլ այն, թե ինչ հետք է թողնում քո հոգում։

Մուրակամիի խոսքերի իրական իմաստը

Իրականում սա ամենևին էլ հյուրերի մասին չէ։ Եվ նույնիսկ տան մասին չէ՝ բառի ուղիղ իմաստով։

Սա թե՛ դիմացինի, թե՛ սեփական տարածքը հարգելու մասին է:

Ի վերջո, հարաբերությունների հասունությունը երևում է շատ պարզ բաներում. կարողանո՞ւմ է արդյոք մարդը զգուշորեն մուտք գործել կյանքդ, և արդյո՞ք կարողանում է հեռանալ այնտեղից՝ առանց ներսումդ ինչ-որ բան կոտրելու։

Եվ, գուցե, հենց սա է հարգանքի ամենաճշմարիտ դրսևորումը՝ չթողնել հետքեր, որոնք հետո ստիպված կլինեն երկար ժամանակ մաքրել։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ո՞ւմ չարժե հրավիրել սեփական տուն. Հարուկի Մուրակամիի դիպուկ խոսքը
ԹԵՍՏ. 10 մարդուց միայն 1-ն է կարողանում գերազանց հաղթահարել այս 9 հարցերը։ Իսկ դուք կհաղթահարե՞ք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց