Հավանաբար, ձեզ ամբողջ կյանքում հետաքրքրել է այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ, երբ նրանք մահանում են։ Այժմ գիտնականները մարդկությանը մեկ քայլով մոտեցրել են այս գաղտնիքի վերջնական բացահայտմանը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մասնավորապես, հետազոտողները հարցում են անցկացրել կլինիկական մահ վերապրած 48 մարդու շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչ են նրանք տեսել կյանքի վերջին րոպեներին։ Որոշ մասնակիցներ ասել են, որ տեսել են երկնային էակների, իսկ մեկը նույնիսկ նշել է, որ սարսափելի ճանապարհորդություն է կատարել դեպի սև խոռոչ։
Մյուսները պատմել են, որ տեսել են կրոնական կերպարների և խորը հուզական ապրումներ են ունեցել։ Օրինակ՝ հետազոտության մասնակիցներից մեկը գիտնականներին ասել է.
«Ինձնից ձախ քարե սանդուղք կար, իսկ վերևում սպիտակ պատմուճանով կանգնած էր Հիսուսը»։
Միևնույն ժամանակ, մեկ ուրիշը նշել է.
«Աստված հայտնվեց հեռվում՝ մեծ լույսի տեսքով»։
Սակայն որոշ մարդկանց անդրշիրիմյան կյանքի տեսիլքները շատ ավելի անսովոր էին և պարունակում էին տարօրինակ տարրեր, որոնք անհնար է գտնել Աստվածաշնչում։ Այդ պատճառով գիտնականներն այս երևույթն անվանում են ՄՄՓ (մերձմահու փորձառություն)։ Սրանք ինտենսիվ և հաճախ ճակատագրական ապրումներ են, որոնք տեղի են ունենում կյանքին սպառնացող իրավիճակներում, ինչպիսիք են սրտի կանգը կամ շնչառական անբավարարությունը։
Ըստ գնահատականների՝ մոլորակի բնակչության մոտ 4-8%-ը ՄՄՓ է ունեցել։
Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ մի մարդ բացարձակապես նույն բանը չի ապրել՝ մոտենալով մահին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իբր տեսել են Աստծուն, Հիսուսին կամ հրեշտակների, դա բոլորովին այլ կերպ են նկարագրել։
Մասնակիցներից մեկը պատմել է, թե ինչպես է «դարձել լույս» և տեսել «Հիսուսին աջ կողմումս՝ մորուքավոր, պատմուճանով, ով ինձ ցույց տվեց ելքը»։
«Աստծո զորությունը մտավ իմ առջև՝ աջ կողմիցս։ Ես գլուխս բարձրացնելու ցանկություն զգացի, բայց չկարողացա, կամ զգում էի, որ չպետք է դա անեմ», – նկարագրել է մեկ այլ մասնակից։
Միևնույն ժամանակ, մեկ այլ հարցվող շատ մանրամասն նկարագրել է «հրեշտակին», որը եկել էր իր մոտ կյանքի վերջին րոպեներին։ Նրա խոսքով՝ այդ էակն ունեցել է «նրբագեղ սպիտակ թևեր, փետուրները աներևակայելի մանրամասն էին և շարված միմյանց վրա, իսկ դեմքը նման էր հունական աստծո դեմքի՝ շատ համաչափ, հարթեցված մազերով, ինչպես հունական արձաններինը»։
Իր հերթին, հետազոտության գլխավոր հեղինակ, դոկտոր Ֆրանս Լերները նշել է, որ մեր մշակութային հենքը «հիմք» է ստեղծում այն հալյուցինացիաների համար, որոնք առաջացել են ՄՄՓ-ի հետևանքով։
Կարդացեք նաև՝ Մահացած տղամարդը «հանդիպել է Հիսուսին». ի՞նչ պատմեց նա վերադառնալուց հետո
Սակայն շատ մարդիկ, գտնվելով նման վիճակում, կրոնական կերպարներից ոչ մեկին չեն տեսել։ Մասնավորապես, մասնակիցներից մեկը պատմել է, թե ինչպես է իրեն «շրջապատել օրգանական թունել, որը լրիվ սև էր, բայց ուներ ծիածանային հատկություններ»։
«Ես գտնվում էի լույսի հսկայական պղպջակի կենտրոնում, չէի տեսնում այդ պղպջակի եզրերը, այն ամբողջությամբ պատել էր ինձ։ Կարող եմ ասել, որ ես դրա մի մասն էի, այդ լույսը ամենագեղեցիկն էր, որ երբևէ տեսել էի», – ասել է մեկ այլ մարդ։
Նաև որոշ մասնակիցներ նկարագրել են հանդիպումներ իրենց հարազատների հետ, ովքեր վաղուց մահացել էին։
«Ես տեսա իմ մորաքույրներին՝ Էլիզաբեթին և Լինիին, այնպիսին, ինչպիսին նրանք եղել են երիտասարդ տարիքում. ես նրանց ճանաչում էի միայն այն ժամանակ, երբ նրանք վաթսուն-յոթանասուն տարեկան էին», – ընդգծել է հարցվողներից մեկը։
Բացի այդ, մեկ մարդ հիշել է, թե ինչպես է տեսել սև խոռոչ.
«Սև խոռոչը հեռվից սև է երևում։ Լույսն այնքան պայծառ էր, որ դժվար էր տարբերել բոլոր գույները, բայց դրանք միևնույն է այնտեղ էին»։
Գիտնականները վստահեցնում են, որ բոլոր ՄՄՓ-ներն առաջացել են տեսողական և այլ ֆիզիկական խթանների միջև համաձայնեցվածության «խախտման» հետևանքով, որոնք հիմնականում պահպանում են մեր մարմնի ամբողջականության զգացումը։
Լերներն ավելացրել է, որ ՄՄՓ-ն պայմանավորված է նրանով, թե ինչպես է փոխվում մեր տեսադաշտը, երբ ուղեղը սկսում է անջատվել։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ գոյություն ունի առանձին հոգի, կամ որ մեր գիտակցությունը կարող է ինչ-որ կերպ լքել մարմինը։








