Ամեն առավոտ մենք մտնում ենք մի խաղի մեջ, որի կանոնները գրվել են դեռ մեր ծնվելուց շատ առաջ։ Արթնանում ենք, սուրճ խմում, վազում գործի, հետո էլ փորձում ենք քուն մտնել էկրանի կապույտ լույսի տակ՝ անկեղծորեն հավատալով, թե վիճակը մեր վերահսկողության տակ է։ Իրականում մեզ կառավարում են ցիրկադային ռիթմերը՝ անտեսանելի մի դիրիժոր, որն աշխատում է մոլորակի պտույտին համահունչ։ Այս ներքին ժամացույցից է կախված ուղղակի ամեն ինչ. սկսած հորմոնների մակարդակից ու մարմնի ջերմաստիճանից, վերջացրած իմունիտետի ամրությամբ ու մտքի սրությամբ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Հարվարդի և Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են այս մեխանիզմներն ու եկել ոչ այնքան մխիթարական եզրահանգումների։ Մենք փորձում ենք խաբել բնությանը, կեսգիշերին ուտում ենք ու աշխատում մինչև լուսաբաց, բայց մարմինն իրենն անում է։ Օրգանիզմի վրեժն անաղմուկ է, բայց կործանարար՝ ավելորդ քաշ, դեպրեսիա և սրտի աշխատանքի խափանումներ։ Ժամանակն է ցրել քնի մասին ամենակենսունակ միֆերը, որոնք մեզ խանգարում են ապրել լիարժեք։
Միֆ առաջին. «Բվի» կարգավիճակը ցմահ դատավճիռ է
Ընդունված է կարծել, որ աշխարհը բաժանվում է առույգ «արտույտների» և մշտապես քնկոտ «բուերի», ու դրա միակ մեղավորը գենետիկան է։ Իրոք, մեր քրոնոտիպը որոշում են CLOCK և PER գեները, բայց դա վերաբերում է մարդկանց միայն 10-15%-ին՝ այն էլ ծայրահեղ դրսևորումներով։ Մնացածի դեպքում ռիթմերը զարմանալիորեն ճկուն են։
Վերջին տարիների հետազոտությունները հաստատում են. գենետիկան պարզապես մեկնարկային կետ է։ Լույսի ճիշտ հիգիենան (պայծառ արևն առավոտյան ու կատարյալ խավարը երեկոյան) կարող է ընդամենը մեկ շաբաթում ներքին ժամացույցը մի քանի ժամով առաջ կամ հետ տալ։ Մենք մեր գեների գերիները չենք, մենք լուսային կարգապահության բացակայության զոհերն ենք։
Միֆ երկրորդ. Ցերեկային քունը լիովին լրացնում է անքուն գիշերը
Շատերը համոզված են, թե օրգանիզմի համար միևնույն է՝ երբ կստանա իր օրինական ութ ժամը։ Բայց մարմնին մաթեմատիկայով չես խաբի։ Մելատոնինը՝ մեր բջիջների գլխավոր վերանորոգողը, արտադրվում է բացառապես մթության մեջ։ Երբ մենք քնում ենք ցերեկը, քունը մակերեսային է լինում, իսկ վերականգնողական պրոցեսները՝ սառում են։
Վիճակագրությունը դաժան է. նրանց մոտ, ովքեր պարբերաբար գիշերներն են աշխատում, շաքարախտի ու ճարպակալման ռիսկը մեծանում է մեկ երրորդով։ Գիշերային աշխատանքը պաշտոնապես ճանաչվել է որպես լուրջ համակարգային հիվանդություններ հրահրող գործոն։ Գիշերային հերթափոխից հետո ցերեկային հանգիստը նման է ֆասթֆուդի. կալորիաները ստացանք, բայց կյանքի համար օգտակար սնունդ՝ զրո։
Միֆ երրորդ. Մելատոնինի հաբերն ընդամենը անվնաս քնաբեր են
Դեղատներում մելատոնինը վաճառում են որպես գլխում «լույսն անջատելու» հեշտ միջոց։ Իրականում դա հզորագույն հորմոն ու հակաօքսիդանտ է, որը ղեկավարում է կենսաբանական պրոցեսների մի ամբողջ նվագախումբ։ Այն պաշտպանում է մեզ ծերացումից ու բորբոքումներից, իսկ դրա պակասն ուղղակիորեն կապված է Ալցհեյմերի հիվանդության ռիսկի հետ։
Առանց բժշկի ցուցումի սինթետիկ մելատոնինի անվերահսկելի ընդունումը համակարգի բալանսը վերջնականապես խախտելու վտանգ է պարունակում։ Սա քնելու հրաշք-դեղահաբ չէ, այլ քիմիական ազդանշան՝ մթությունն ընկնելու մասին։ Եթե այն սխալ խմեք, ավելի շատ կխճճեք ձեր օրգանիզմը։
Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են՝ քնի այս մեկ կանոնը կարող է 4 տարով երկարացնել կյանքը
Միֆ չորրորդ. Էկրանի կապույտ լույսը բնավ չի խանգարում քնելուն
Սմարթֆոնն անկողնում դարձել է մեր ձեռքի շարունակությունը։ Կթվա, թե ի՞նչ վատ բան կա սիրելի շոուի մի երկու սերիա նայելու մեջ։ Բայց ճառագայթման կապույտ սպեկտրը ցերեկային լույսից էլ լավ է ճնշում մելատոնինի արտադրությունը։ Գաջեթի հետ անցկացրած ընդամենը երկու ժամը երեկոյան՝ ձեր քունը մեկ ժամով հետ է գցում և մեկ քառորդով նվազեցնում «գիշերվա հորմոնի» մակարդակը։ Արդյունքում՝ առավոտվանից արդեն ջարդված վիճակ ու խրոնիկ հոգնածություն, որը չես անցկացնի անգամ ամենաթունդ էսպրեսոյով։
Միֆ հինգերորդ. Ցիրկադային ռիթմերը պատասխանատու են միայն քնի համար
Սա ամենավտանգավոր մոլորությունն է։ Յուրաքանչյուր բջիջ ունի իր սեփական «ժամացույցը»։ Լյարդը տրամադրված է մաքրմանը խիստ որոշակի ժամանակ, մկաններն իրենց ուժի պիկին են հասնում կոնկրետ ժամերի, իսկ սիրտն ամենախոցելին է առավոտյան 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։
Անգամ գիշերը կերած սնունդն այլ կերպ է յուրացվում. ինսուլինն ավելի վատ է աշխատում, ու կալորիաներն ուղիղ գնում են դեպի ճարպային պաշարներ։ Երբ մենք խախտում ենք ընդհանուր ռիթմը, ողջ կենսաբանական նվագախումբն սկսում է ֆալշ նվագել, ինչն ակնթարթորեն անդրադառնում է կշեռքի ու տրամադրության վրա։
Միֆ վեցերորդ. Օրվա ռեժիմն անփոփոխ է մնում ողջ կյանքի ընթացքում
Մեր ներքին ժամացույցը փոխվում է մեզ հետ միասին։ Դեռահասներն օբյեկտիվորեն հակված են ուշ քնելուն հորմոնալ վերակառուցման պատճառով, իսկ 60-ն անց մարդիկ հաճախ բախվում են քնի ընդհատումների ու վաղ արթնանալու հետ։ Անտեսել տարիքային այս փուլերը՝ նշանակում է ինքդ քեզ դատապարտել անքնության։ Այն բանի ընկալումը, թե ինչպես են փոխվում մարմնի պահանջները տարիների հետ, օգնում է ստեղծել այն իդեալական գրաֆիկը, որտեղ ձեզ հարմարավետ կլինի հենց այստեղ և հիմա։








