fbpx

Պարույր Սևակ – ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ

3713Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում,
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում –
Մերթ՝ կոչվում թախիծ,
Մերթ՝ կարոտ,
Մերթ՝ վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է
Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
Ում դուր չենք գալիս:
Ես էլ իմ հերթին
Իմ ամբողջ կյանքում
Հետապնդում եմ ուրիշին՝
Նրա՛ն,
Որ նույնպես, դիտմամբ,
Անունն է փոխում –
Այն հույսով գուցե,
Թե մոլորվելով՝
Հետքն իր կըկորցնեմ –
Մեկ խնդություն է անվանում իրեն,
Մեկ՝ ուրախություն,
Կայտառություն է
Կամ պայծառություն:
Հետապնդում եմ
Ու չե՜մ դադարի,
Մինչև նա, անո՛ւժ,
Մինչև նա, տրվա՛ծ,
Ինձ չասի.
«Քոնն եմ»:

Վկան՝
Ա՛յն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
Նշել չեմ կարող…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag