fbpx

Հալալ մարդը – Եզոպոսի առակներից

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդ առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր:

Երիտասարդն ասաց այգետիրոջը. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմս է, հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»:

Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ, և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ էլ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ»:

Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց. «Ինչու՞ էիր ծաղրում քո աղջկան»: Եվ նա ասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հալալ մարդը – Եզոպոսի առակներից
Ավ.Իսահակյանի հուշերը: Կոմիտասի անմահ հիշատակին (ծննդյան 80-ամյակին)